Արցախյան կարգավորման հարցում անզիջում դիրքորոշում ունեցողները շարունակում են քննադատել Ադրբեջանի հետ փոխզիջումներով եւ արժանապատիվ խաղաղության հասնելու կողմնակիցներին: Նրանք մատնացույց են անում Բաքվի այսօրվա քաղաքականությունը եւ շարունակվող ռազմատենչ ու հայատյաց քաղաքականությունը: Տեսնո՞ւմ եք՝ Ադրբեջանը ստացել է շատ-շատ ավելին, քան կարող էր ստանալ 1997-ին՝ համաձայն փուլային տարբերակի, բայց դրանով չի բավարարվում:
Կոշտ, անզիջում գծի կողմնակիցների այս պնդումը առաջին հայացքից եւ իրերի այսօրվա դրությամբ, անշուշտ, տրամաբանական է թվում: Եթե 1997-ին եւ հետագայում Ադրբեջանը համաձայն էր Արցախի՝ աշխարհում ամենաբարձր ինքնավարությանը, ապա այսօր նրա համար չկան ո՛չ ԼՂԻՄ եւ ո՛չ էլ Լեռնային Ղարաբաղի վարչական միավոր ընդհանրապես: Ադրբեջանի համար Ղարաբաղի հարց այսօր չկա, ճիշտ այնպես, ինչպես շատ հայերի համար Ղարաբաղի հարց չկար 1994-ից մինչեւ 2020-ի սեպտեմբերի 27-ը:
Ինչո՞ւ է Ադրբեջանը այսպես սանձարձակ, անհաշտ ու ոչմիթիզական: Պատճառները շատ պարզ են. մարտի դաշտում նա ստացել է գրեթե ամեն ինչ, զգում է Հայաստանի խոցված ու թույլ վիճակը եւ ձգտում փաստաթղթային ձեւակերպում տալու 44-օրյա պատերազմում տարած իր հաղթանակին:
Այս պահի դրությամբ սեղանին դրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ու նրան կից հավելվածը՝ թվագրված նույն տարվա դեկտեմբերի 18-ով: Այս վերջին փաստաթղթով հայկական ուժերը Գորիսի եւ Կապանի հատվածներում հետ են քաշվել մինչեւ Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Ադրբեջանի 1991-ի վարչական սահմաններ:
1994-ի մայիսի 12-ից հետո ճիշտ այսօրվա վիճակն է՝ հայելային տարբերությամբ: Այն ժամանակ նախկին ԼՂԻՄ-ն ու նրա վարչական սահմաններից դուրս եւս շուրջ ութ հազար քառակուսի կիլոմետր տարածություն հայկական բանակի վերահսկողության տակ էին, եւ Հայաստանը ձգտում էր հնարավորինս շուտ կնքելու խաղաղության պայմանագիր, քանի որ Ադրբեջանը շատ թույլ էր, պարտված ու հոգեբանորեն ջախջախված: Ճիշտ է, Հայաստանը պատրաստ էր զորքերը հետ քաշելու բոլոր հատվածներից՝ բացառությամբ Լաչինի շրջանի:
Ադրբեջանը կարողացավ ուշքի գալ եւ ինչքան ամուր էր ոտքի կանգնում եւ ուժեղանում, այնքան դառնում էր անզիջում: Վերջին անգամ 2001-ին էր, երբ Բաքուն առարկայական եւ բովանդակային քննարկում ունեցավ Երեւանի հետ: Դա ամերիկյան Քի Վեսթում էր: Դրանից հետո Ադրբեջանը ամբողջությամբ կենտրոնացավ նոր պատերազմի վրա:
Ի՞նչ երաշխիք կար, որ 1997-ին Ադրբեջանը համաձայնելու էր կարգավորման փուլային տարբերակին եւ կամ նախնական համաձայնությունից հետո հետ չէր կանգնելու բանակցային սեղանի շուրջը ձեռք բերված պայմանավորվածություններից:
Երաշխիք, անշուշտ, չկա, երբ պատրաստ չես լինում գին վճարելու խաղաղության համար: Խաղաղություն կառուցելը նույնքան եւ ավելի դժվար է, քան պատերազմին պատրաստվելը: Այդուհանդերձ, 1994-ից մինչեւ 1998-ը, երբ Վազգեն Սարգսյանը Հայաստանում իրականացրեց ռազմական ու պետական հեղաշրջում եւ իշխանության բերեց Ռոբերտ Քոչարյանին, Ադրբեջանի հետ արժանապատիվ խաղաղության հասնելու հնարավորություններն ավելին էին, քան որեւէ այլ ժամանակ:
Ադրբեջանը չէր հաղթահարել հետպատերազմական շոկն ու ստորացումը, նավթային պայմանագրեր չէր կնքել, պատրաստ չէր նոր պատերազմի, եւ հակառակը՝ Հայաստանը գործոն էր տարածաշրջանում, Ռուսաստանի եւ Արեւմուտքի համար արժեք էր ներկայացնում եւ վերջապես հաղթել էր 1991-1994 թվականների պատերազմում եւ միայնակ վիճակի էր հետ մղելու ադրբեջանական հարձակումները:
Յուրաքանչյուր պատերազմ ավարտվում է խաղաղությամբ, եւ հաղթող կողմը պետք է կարողանա խաղաղության գնալ հենց հաղթած ժամանակ, այլապես ժամանակը կարող է աշխատել իր դեմ: Այդպես եղավ Հայաստանի եւ Արցախի հետ: Պարտված ժամանակ դու չես կարող խաղաղության դարաշրջան բացել: Պարտված ժամանակ դու կարող ես միայն համակերպվել քո առաջ դրված պայմաններին:
Եվ վերջապես, գուցե Ադրբեջանն է՞լ է այսօր թույլ տալիս նույն սխալները, որոնք թույլ է տվել Հայաստանը: Դրա պատասխանը պատմությունը ցույց կտա: Այդ պատմությունը կարող է շատ երկար տեւել: Այսպես, երբ 1920 թվականի մարտին տեղի ունեցան Շուշիի եւ այլ բնակավայրերի հայկական ջարդերը, եւ Հայաստանի Հանրապետության ղեկավարները ստիպված եղան զորքերը դուրս բերել Արցախից, իսկ հայկական այս երկրամասը ԼՂԻՄ անունով դարձավ Խորհրդային Ադրբեջանի մաս հետագա 70 տարիներին, Բաքվում համոզված էին, որ Ղարաբաղի հարցը լուծել են: 1991-ին բռնկվեց նոր պատերազմ՝ հայտնի ելքով եւ ստատուս-քվոյով:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։