Բրիտանական Reuters գործակալությունը, հղում անելով թուրք բարձրաստիճան անանուն պաշտոնյայի, հայտնել է, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի պատվիրակությունները մարտի 28-ի երեկոյան Ստամբուլում բանակցությունների նոր փուլ են սկսում։ Ռուս եւ ուկրաինացի բանագնացներն արդեն սկսել են ժամանել Ստամբուլ։
«Ուկրաինսկայա պրավդա» պարբերականը, հղում անելով ուկրաինական պատվիրակության աղբյուրներին, հայտնել է, որ բանակցություններն, ամենայն հավանականությամբ, կսկսվեն մարտի 29-ին եւ կտեւեն երկու օր։ Դիտորդները չեն բացառել նաեւ, որ բանակցություններն ավելի երկար կտեւեն։
Թուրքիայի նախագահի գրասենյակը նախօրեին հայտարարել էր Ստամբուլում բանակցություններ կազմակերպելու հարցով նախագահներ Պուտինի եւ Էրդողանի պայմանավորվածության մասին։ Վերջինս ընդգծել էր հրադադարի, ինչպես նաեւ Մոսկվայի եւ Կիեւի միջեւ խաղաղության շուտափույթ ձեռքբերման անհրաժեշտությունը։
Ապաազգայնականացման եւ ապառազմականացման հարցերը Մոսկվայի համար սկզբունքային են, Կիեւի համար հստակ չեն
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ սպասվող բանակցություններից դժվար է բեկում ակնկալել։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ իր հերթին նշել է, որ նախագահների մակարդակով հանդիպումն այս պահին արդյունավետ չի լինի։ Լավրովը շեշտել է նաեւ, որ ռուսական կողմի համար դեռեւս սկզբունքային են «Ուկրաինայի ապաազգայնականացման եւ ապառազմականացման հարցերը»։
Դոնբասի կարգավիճակի շուրջ քննարկումները միայն ՌԴ զորքերի դուրսբերումից հետո
Նախօրեին ռուս լրագրողներին տված հարցազրույցում Զելենսկին ընդգծել էր, որ Ուկրաինան չի քննարկի այսպես կոչված «ապաազգայնականացման եւ ապառազմականացման» հարցերը, քանի որ պահանջների էությունը հստակ չէ։ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է քննարկելու ռուսաց լեզվի կարգավիճակի, ինչպես նաեւ Ուկրաինայի չեզոք կարգավիճակի հարցերն ու անվտանգության երաշխիքները։
Կիեւը չի հրաժարվում երկրի տարածքից ռուսական զորքերի դուրսբերման պահանջներից, որից հետո միայն պատրաստ կլինի քննարկումներ սկսելու Դոնբասի կարգավիճակի շուրջ։