Ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության՝ Ադրբեջանի թվային զարգացման եւ տրանսպորտի նախարարությունից հայտնել են, որ կառավարությունը դիտարկում է երկրում «Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ տեղեկություն տարածող» որոշ ռուսաստանյան կայքերի արգելափակման հնարավորությունը։
«Համապատասխան միջոցներ կձեռնարկվեն Ադրբեջանի շահերի եւ տարածքային ամբողջականության դեմ տեղեկություն հրապարակող կայքերի գործունեության առնչությամբ»,- նշված է հայտարարության մեջ։
Թե որ ռուսաստանյան կայքերի մասին է խոսքը, եւ կոնկրետ ինչ տեղեկության մասին է խոսքը, հայտնի չէ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռոսկոմնադզորը» Ռուսաստանի տարածքում արգելափակել է մի շարք ադրբեջանական ռուսալեզու կայքեր։ Ադրբեջանի մամուլի խորհուրդը դատապարտել էր ռուսական կողմի այդ որոշումը։
«Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը դժգոհ է ռուս-ուկրաինական զինված հակամարտության վերաբերյալ օբյեկտիվ գնահատականներից»,- հայտարարել էր ադրբեջանական լրագրողական կազմակերպությունը։