Շիրակի մարզի Ամասիա համայնքը վտանգավոր «հյուր» ունի. վաղ առավոտից գորշ արջ է հայտնվել բնակելի տարածքում: Հսկա կենդանին անարգել շրջում է Ամասիայում, վնասներ պատճառում բնակչությանը:
Ամասիա խոշորացված համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը տեղեկացնում է, որ արջը կոտրել է երեք տնտեսությունների պատկանող բազմաթիվ մեղվափեթակներ և կերել մեղրը: Բնակիչները տներից դուրս չեն գալիս, ավելի խիզախներն էլ հեռվից նկարահանում են սոված կենդանու արկածները:
Տիկին Հարությունյանն ասում է՝ դիմել են Շիրակի մարզպետարան, ոստիկանություն, շրջակա միջավայրի նախարարություն: Սպասում են համապատասխան արձագանքի:
Շրջակա միջավայրի նախարարությունից էլ հայտնում են, որ ահազանգը ստացել են:
«Հիմնախնդիրը լուրջ է, քանի որ կրում է քաղաքացիների առողջությանն ու կյանքին, սոցիալ-տնտեսական վիճակին սպառնացող, ինչպես նաեւ բնապահպանական կարեւոր բաղադրիչներ, այդ իսկ պատճառով շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում է»,-հայտնում են նախարարությունից եւ վստահեցնում, որ խնդրին լուծումներ տալու նպատակով նախարարությունում պարբերաբար շահագրգիռ կողմերի մասնակցությամբ խորհրդակցություններ են հրավիրվում։
Մինչ գորշ արջը մեղրի նոր հասցեներ կհայտնաբերի Ամասիայում, վաղը ահազանգի վերաբերյալ խորհրդակցություն կհրավիրվի համայնքի ներկայացուցիչների, ոստիկանության եւ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի մարզային ներկայացուցիչների մասնակցությամբ։
Շրջակա միջավայրի նախարարությունը հիշեցնում է՝ գորշ արջը գրանցված է Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում», եւ կենդանուն սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-պատիկի չափով, կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-ից 5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։