ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ մարտի 28-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Խովաեւին:
Կողմերը քննարկել են ԼՂ շփման գծի խախտման եւ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Փառուխ գյուղի հատվածում, մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական ներխուժման հետեւանքով ստեղծված իրավիճակը։
Զրուցակիցներն անդրադարձել են Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելու, քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու եւ էթնիկ զտմանն ուղղված ադրբեջանական կողմի այլ գործողություններին։
Ընդգծվել է ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների՝ մարտի 23-ի ելման դիրքեր վերադարձի անհրաժեշտությունը։
Վերահաստատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լիարժեք աշխատանքների կարեւորությունը՝ Միրզոյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը այդ շրջանակում խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններ սկսելու վերաբերյալ: