2007-ի հունվարի 19-ին «Ակօսի» խմբագրության դիմաց 17-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցներից սպանված պոլսահայ լրագրող, մտավորական, «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությանն աջակցելու համար նույն թվականին կալանավորված, 2013-ին 12 տարի եւ 6 ամիս ազատազրկման դատապարտված եւ փախուստի մեջ գտնվող Ահմեդ Իսքենդերը արտահանձնվել է Թուրքիա:
«Ակօս»-ի տվյալներով՝ թուրքական ազգային անվտանգության եւ միջազգային հետախուզական ծառայությունների համատեղ ուժերով Իսքենդերին մեկ ամիս առաջ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում հայտնաբերել ու ձերբակալել էին ղրղզական իրավապահները: Նրա մոտ հայտնաբերվել է եղբոր անունով անձնագիրը՝ փոխված լուսանկարով: Կիրակի Ահմեդ Իսքենդերը բերվել է Թուրքիա եւ ուղարկվել կալանավայր:
Թեեւ սպանության գործով մի շարք դատապարտվածներ կան, սակայն Դինքի ընտանիքում համոզված են, որ իրական մեղավորները բացահայտված չեն: