Մեկնարկել է բնապահպանական կայուն պետական գնումներին աջակցելու տեխնիկական գործիքների եւ քաղաքականության վերաբերյալ երկօրյա «Կանաչ» աշխատաժողովը։ Միջոցառմանը մասնակցում են ներկայացուցիչներ շրջակա միջավայրի ու ֆինանսների նախարարությունների մասնագիտական ստորաբաժանումներից, շահագրգիռ շրջանակներից եւ հասարակական հատվածից։
Անցումային տնտեսությամբ երկրների կառավարություններին ու մասնավոր հատվածին տեխնիկական աջակցություն է ցուցաբերվում՝ գործարար ոլորտի իրավական միջավայրը բարելավելու նպատակով: ԱՄՆ Առեւտրի դեպարտամենտի Գլխավոր իրավախորհրդատուի գրասենյակի Առեւտրային իրավունքի զարգացման ծրագրով (CLDP. Commercial Law Development Program) իրականացվող գործընթացը միտված է տեղական ձեռներեցների եւ ԱՄՆ ընկերությունների համար խթանելու կայունությունն ու տնտեսական հնարավորությունները։
Այս համատեքստում ընթացող աշխատաժողովի նպատակն է ներկայացնել շրջակա միջավայրի նկատմամբ նվազագույն ազդեցության սկզբունքի վրա հիմնված պետական գնումների գործընթացը ԱՄՆ դաշնային եւ նահանգային մակարդակում, ներկայացնել ԱՄՆ կառավարության գնումների բնութագրերի, ստանդարտների ու էկոպիտակավորման հաջողված օրինակներ:
Աշխատաժողովի կազմակերպիչները կանդրադառնան նաեւ պետական «Կանաչ» գնումների սոցիալական ազդեցությանը, շրջանաձեւ տնտեսության լավագույն փորձին:
«Բնապահպանական տեսանկյունից նախընտրելի գնումների գործընթացի կարեւորումը պայմանավորված է երկրի նախաձեռնած ակտիվ գործողություններով՝ ուղղված կլիմայի փոփոխության հարմարվողականությանը եւ մեղմմանը»,- նշել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը՝ հույս հայտնելով, որ աշխատաժողովը կնպաստի երկխոսության շնորհիվ կողմերի միջեւ վստահության հաստատմանը եւ կանաչ տնտեսության մշակույթի ձեւավորմանը:
Ոլորտում համագործակցությունն ու փորձի փոխանակումը կարեւորել են նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տնտեսական եւ առեւտրային հարցերով պատասխանատու Բեն Բըրնսն ու CLDP գլխավոր խորհրդական Սթիվեն Գարդները: