The Washington Post-ի մեկնաբաններ Ջոն Հադսոնը եւ Կարին Դեյունգը իրենց հոդվածներում ներկայացնում են ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի բարձրաստիճան ռազմական ղեկավարությունների երկխոսության կարեւորությունը ներկայիս պատերազմական բարդ իրավիճակում: Միացյալ Նահանգների պաշտպանության եւ ռազմական գերատեսչությունների ղեկավարները բազմիցս փորձել են խոսել ռուս պաշտոնակիցների հետ, սակայն Մոսկվան մերժել է:
Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը եւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Մարկ Ա. Միլլեյը փորձել են կապվել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի եւ գեներալ Վալերի Գերասիմովի հետ, բայց ռուսները «մինչ այժմ հրաժարվում են երկխոսելուց»,- հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին:
Օսթինը եւ Միլլեյը նախկինում չէին բարձրաձայնում դա, այժմ անհանգստացած են, քանի որ Ռուսաստանը ռազմական գործողություններ է իրականացնում ՆԱՏՕ-ի անդամ պետություններ Լեհաստանի եւ Ռումինիայի սահմանների հարեւանությամբ: Միացյալ Նահանգները եւ նրա եվրոպական դաշնակիցները օդային հսկողություն են ծավալում Բալթիկ ծովի տարածքում, զենք ու սարքավորումներ ուղարկում Ուկրաինա ցամաքային տրանսպորտով:
Պաշտոնյաները պնդում են, որ բարձր մակարդակի ռազմական ղեկավարների շփումն անհրաժեշտ է խուսափելու համար ավելորդ էսկալացիայից կամ խառնաշփոթից:
«Առանց բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ անմիջական շփման հետագա էսկալացիայի մեծ ռիսկ կա»,- ասում է Ջեյմս Ստավրիդիսը։ 2009-2013 թվականներին նա եղել է ՆԱՏՕ-ի գերագույն դաշնակցային հրամանատարը:
«Շատ երիտասարդներ թռչում են ինքնաթիռներով, կառավարում ռազմանավեր եւ մարտական գործողություններ իրականացնում ուկրաինական պատերազմում, բայց նրանք փորձառու դիվանագետներ չեն, եւ մարտի թեժ պահերին նրանց գործողությունները կարող են սխալ ընկալվել»:
«Մենք պետք է խուսափենք այն սցենարից, որը ՆԱՏՕ-ին եւ Ռուսաստանին կուրորեն տանելու է պատերազմի, միայն այն պատճառով, որ բարձրաստիճան ղեկավարները չեն կարող լսափողը բարձրացնել եւ միմյանց բացատրել, թե ինչ է կատարվում»,- ավելացրել է նա:
Արեւմտյան Ուկրաինայի թիրախների դեմ Ռուսաստանի գերձայնային հրթիռների եւ այլ հզոր զենքերի օգտագործումն ընդգծում է ավելի լայն դիմակայության սպառնալիքը:
«Ռենդ» կորպորացիայի ավագ քաղաքական վերլուծաբան Սեմ Շարապն ասում է. «Միշտ էլ կարեւոր է պահպանել ռազմավարական մակարդակը` հստակ ներկայացնել մեր շահերը եւ ավելի լավ հասկանալ մյուս կողմին: Երբ այդ մակարդակում որեւէ կապ չկա, նրանց մղում են գործողության այն վատագույն ենթադրությունները, որոնք հաճախ հիմնված են սխալ տեղեկատվության վրա»:
«Մղձավանջային սցենարը կլինի այն, որ ռուսական մի հրթիռ կամ մարտական ինքնաթիռ ոչնչացնի ԱՄՆ-ի հրամանատարական որեւէ կայան լեհ-ուկրաինական սահմանի մոտ,- ասում է պաշտոնաթող ծովակալ Ստավրիդիսը:- Հրամանատարը հավանաբար անհապաղ կպատասխանի՝ մտածելով, որ դեպքը հարձակման նախադրյալ էր: Սա կարող է հանգեցնել արագ եւ անդառնալի էսկալացիայի՝ ներառյալ միջուկային զենքի հնարավոր օգտագործման»:
Պենտագոնի տեսակետը ներկայացնելով՝ Ջոն Քիրբին ասում է, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի պաշտպանության ղեկավարների միջեւ շփումները շատ կարեւոր են այս պահին: Երկու երկրները կարող են երկխոսել նաեւ ԱՄՆ դեսպանատան ռազմական կցորդի միջոցով՝ պաշտպանության նախարարությանը հաղորդագրություններ փոխանցելով:
Նախագահ Բայդենի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը նախորդ շաբաթ ասել էր, որ հակամարտության ընթացքում առաջին անգամ կարողացավ խոսել իր պաշտոնակից Նիկոլայ Պատրուշեւի հետ:
ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի որոշ ռազմական պաշտոնյաներ անցյալ շաբաթ հանդիպել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում, որի մասին հաղորդել էր CNN-ը:
Ըստ պաշտոնական տվյալների՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չի փորձել որեւէ խոսակցություն ունենալ իր պաշտոնակից, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
Պատճառներից մեկը, որ ռազմական ղեկավարները հրաժարվում են ամերիկացիների հետ երկխոսելուց, հավանաբար այն է, որ Պուտինը Միացյալ Նահանգները դիտում է որպես հակառակորդ, որը վճռական է՝ տեսնելու իր անկումը:
Ռուս պաշտոնյաները կարծում են, որ Բայդենը, Պուտինին անվանելով «պատերազմական հանցագործ», սկիզբ է դրել հարաբերությունների վերջնական խզմանը:
Պատրաստեց Կարինե Դավոյանը