Ադրբեջանի վերջին ագրեսիան ժամանակային առումով համընկնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմավորման 30-ամյակին։ 1992 թվականի մարտի 24-ին ԵԱՀԽ Նախարարների կոմիտեն լրացուցիչ նիստում Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկումներից հետո կայացրել է որոշում, որով Ադրբեջանը եւ Հայաստանը ճանաչվել են հակամարտության փաստացի, իսկ ԼՂ ընտրված եւ այլ ներկայացուցիչները՝ շահագրգիռ կողմեր։ Ըստ հայեցակարգի՝ բանակցությունների վերջնարդյունքում պետք է գումարվեր Մինսկի խորհրդաժողով, որտեղ էլ պետք է որոշվեր ԼՂ վերջնական կարգավիճակը։ Այդ որոշումը ոչ ոք չի բեկանել, ինչպես նաեւ՝ կարգավորման հայեցակարգը։
Մարտի 24-ի ագրեսիային նախորդեց ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակի միջոցառման կազմակերպումը Շուշիում։ Դա ալիեւյան ռեժիմի կողմից ուղերձ էր, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը «կարգավորված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերի իրավական հիմքով»։ Դրան նախորդել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի «հինգ սկզբունքների» հրապարակայնացումը, ինչին հետեւեց Հայաստանի պատասխանը, որ դրանցում «սկզբունքորեն անընդունելի ոչինչ չկա», բայց բանակցությունները պետք է կազմակերպվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։
Տպավորություն է, որ ադրբեջանական «հինգ սկզբունքները» ձեւակերպվել են որեւէ երրորդ երկրի դիվանագիտական «խոհանոցում»՝ պահպանելով պատշաճության բոլոր ձեւականությունները։ Ըստ էության՝ Հայաստանի արձագանքը, կարծես, անակնկալ էր Ռուսաստանի համար։ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովայի ակնարկը, որ Մոսկվան պատրաստ է օգտակար լինելու բանակցությունների կազմակերպմանը, պետք է հասկանալ այն իմաստով, որ «առանց ռուսական կողմի միջնորդության հայ-ադրբեջանական երկխոսություն հնարավոր չէ»։
Աշխարհաքաղաքական չափազանց բարդ իրավիճակում ի՞նչ երաշխիքներով է Հայաստանի իշխանությունը «խաղաղության դարաշրջանի» բանակցությունների միջնորդության հարցով դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի հանախագահությանը՝ դեռեւս անհասկանալի է։ Սկզբունքային հակասություններ ունեն ոչ միայն ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը, այլեւ Ռուսաստանը եւ Ֆրանսիան, հարթ չեն նաեւ Միացյալ Նահանգների հարաբերությունները Ֆրանսիայի հետ։ Մինսկի խմբի անդամ եւ Ադրբեջանի մերձավորագույն ռազմա-քաղաքական դաշնակից է Թուրքիան, որի հետ Հայաստանը մի կողմից երկխոսություն է փորձում կառուցել, մյուս կողմից փաստացի մերժում ԼՂ կարգավորմանը նրա մասնակցությունը։
Մարտի 24-ի ադրբեջանական ագրեսիան, այսպիսով, ԼՂ կարգավորման թեման Հայաստանի հետ «խաղաղության պայմանագրի» դիվանագիտական կոնտեքստից լիովին բացառելու նպատակ է հետապնդում։ Ռուսաստանի ԱԳՆ եւ հատկապես պաշտպանության նախարարության գնահատականները, սակայն, ընդգծում են Լեռնային Ղարաբաղի սուբյեկտությունը։ Բաքվի էմոցիոնալ արձագանքների բուն անհանգստությունը դրանից է։ «Նեզավիսիմայա գազետա»-ն մարտի 27-ին հաստատակամորեն գրել է, որ «Բաքուն Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ չի բացի»։ Կարելի է եզրակացնել, որ ռուս-ադրբեջանական բազմաշերտ քննարկումներ են ընթանում, եւ հայկական դիվանագիտության «կողասահքը» դեպի ԵԱՀԿ ՄԽ արեւմտյան համանախագահ երկրներ, հատկապես Ֆրանսիայի ուղղությամբ, ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում։
Մինսկի խմբի համանախագահությունը հազիվ թե կարող է վերսկսել գործունեությունը։ Ադրբեջանում հատկապես Ֆրանսիայի նկատմամբ ոչ մի վստահություն չկա։ Միացյալ Նահանգների դեպքում հարցը բարդանում է Թուրքիայի հետ հարաբերությունների անորոշությամբ։ Հայկական դիվանագիտությունը կարող է հայտնվել չափազանց բարդ մարտահրավերի առջեւ։ Ընդդիմությունը Երեւանում եւ Ստեփանակերտում խոսում է «հակառուսական տրամադրություններ գեներացնելու» մասին՝ դիտարկելով արեւմտյան ազդեցություն։
Ռուսաստանի կողմից վերջին պաշտոնական հայտարարություններում Լեռնային Ղարաբաղի սուբյեկտության ընդգծումը, հավանաբար, դիվանագիտական ազդակ է հատկապես Արցախի իշխանություններին եւ քաղաքական դասին։ Առկա իրավիճակում դա օպտիմալ մոտեցում է, որին Ադրբեջանը դիմադրել եւ դիմադրելու է հնարավոր բոլոր միջոցներով։ Ռուս խաղաղապահ զորախմբի դեմ, իհարկե, Բաքուն ազդեցության քայլեր չի ձեռնարկի, բայց քաղաքական ուժերի միջոցով արդեն իսկ Մոսկվային հիշեցնում է դիվանագիտության ոսկե կանոնը․ «Աշխատիր չավելացնել թշնամիներիդ թիվը»։
Թուրքիայում նախատեսված է ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլ։ Եթե Անկարային հաջողվի իրացնել միջնորդական առաքելությունից ակնկալվող քաղաքական շահը, ապա Լեռնային Ղարաբաղի հարցում, ամենայն հավանականությամբ, ռուս-թուրքական հետագա երկխոսությունը լինելու է վճռորոշ։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։