Ամերիկյան CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Թուրքիայի նախագահի խոսնակ եւ խորհրդական Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Մոսկվան չի վստահում ՆԱՏՕ-ի երկրներին, ուստի Ռուսաստանի հետ բանակցելու համար անաչառ կողմ է պահանջվում։ Հակառակ դեպքում, ըստ Քալընի, Ուկրաինայում տիրող իրավիճակը ամիսներ, եթե ոչ տարիներ կտեւի։
Թուրքիայի նախագահի խոսնակը Ռուսաստանի պահանջներն անվանել է ոչ իրական եւ առավելապաշտական։ Ըստ Քալընի՝ նախ պետք է հրադադար հաստատվի, այնուհետեւ երկու երկրների ղեկավարների մակարդակով քննարկվի Դոնբասի եւ Ղրիմի հարցը։
Մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունը, թե կողմերի միջեւ առաջին 4 կետի շուրջ համաձայնության կա՝ Քալընը նշել է, որ իրականում Էրդողանն ընդամենը գնահատել է բանակցային գործընթացը։ Ըստ էության՝ նա ՌԴ նախագահին ակնարկել է՝ եթե 4 կետի շուրջ համաձայնություն լինի, Պուտին-Զելենսկի հանդիպման պահանջն ինքնին կծագի։
Քալընը հերքել է այն տեղեկությունները, ըստ որոնց՝ արեւմտյան պատժամիջոցներից տուժած որոշ ռուս պաշտոնյաներ մեկնել են Թուրքիա։ Ըստ թուրք պաշտոնյայի՝ պատժամիջոցների ցանկում ընդգրկված անձանցից որեւէ մեկը Թուրքիա չի մեկնել։ Միաժամանակ նա հավելել է, որ գործարարներին ընդունելու համար Թուրքիան բաց է։