Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը մեկնաբանել է Ստամբուլի Դոլմաբահչե պալատում ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքը։ Նա ասել է, որ միայն բանակցությունների առանցքային հարցերի՝ հրադադարի հաստատման եւ Ուկրաինային անվտանգության միջազգային երաշխիքների տրամադրման դեպքում հնարավոր կլինի խոսել պատերազմի դադարեցման մասին։
«Քննարկվում են նաեւ ռազմագերիների վերաբերյալ միջազգային կոնվենցիաների խախտման դեպքերը։ Առանձին դիտարկվում է ատելության սրման եւ պատերազմի սովորույթների ու օրենքների խախտման հարցը»,- նշել է Պոդոլյակը:
ՌԴ նախագահի խորհրդական, ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին, խոսելով բանակցությունների հնարավոր արդյունքների մասին, նշել է, որ Մոսկվան Կիեւին բողոք է հայտնել գերեվարված ռուս զինծառայողների խոշտանգման դեպքերի կապակցությամբ։
«Ուկրաինական կողմն ընդունել է բողոքը, խոստացել ձեռնարկել ամենախիստ միջոցները։ Մեզ լսեցին»,- շեշտել է Մեդինսկին: