Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ Խրամորթից ու Փառուխից տարհանված շուրջ 200 երեխա, կին ու տարեց բնակիչներին սննդամթերքի եւ ֆինանսական աջակցություն են տրամադրել։ Նա հավելել է, որ առաջիկայում կառավարության հետ համագործակցությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն եւս աջակցություն կցուցաբերի:
Բեգլարյանը նշել է, որ բազմիցս այցելել է Խրամորթ, ներկայում էլ կապ է պահում շրջանի ղեկավարների ու լիազոր նախարարների հետ, տալիս համապատասխան հանձնարարականներ:
«Կառավարությունը նույնպես ըստ կարիքի ֆինանսական օգնություն կտրամադրի տարհանված անձանց՝ հաղթահարելու իրենց սուր հիմնախնդիրները»,– հայտնել է Բեգլարյանը։
Պետնախարարը հանձնարարել է մինչեւ իրավիճակի կարգավորումն ու հայրենի տներ վերադարձը Խրամորթից ու Փառուխից տարհանված կարիքավոր ընտանիքներին ապահովել ժամանակավոր կացարաններով:
Ըստ Բեգլարյանի՝ աշխատանքներ են տարվում նաեւ տարհանված երեխաների կրթության կազմակերպման ուղղությամբ: