Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը քննադատության է ենթարկել Հայաստանի իշխանություններին՝ օրենսդրական փոփոխությունների միջոցով անկախ մամուլը եւ քննադատական խոսքը սահմանափակելու, հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների դեմ հարձակումների ու սպառնալիքների արդյունավետ հետաքննությունը ձախողելու համար։
Կազմակերպության՝ մարտի 29-ին հրապարակված տարեկան զեկույցը, որը կոչվում է «Աշխարհում մարդու իրավունքների վիճակը», արձանագրել է՝ Հայաստանում խոսքի ազատությունը շարունակում է անարդարացիորեն սահմանափակված մնալ։
Amnesty International-ը հիշեցրել է, որ դեռ 2021-ի մարտին ՀՀ Կառավարությունը անկախ մամուլն ու քննադատական խոսքը սահմանափակող օրենսդրական մի քանի փոփոխություններ է նախաձեռնել, իսկ Ազգային ժողովն իր հերթին բարձրացրել է վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսված տուգանքի վերին շեմը՝ հասցնելով 6 միլիոն դրամի (մոտ 12 հազար ԱՄՆ դոլար):
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նշել է, որ նույն տարվա օգոստոսին օրենսդրական փոփոխությունների մեկ այլ փաթեթով քրեականացվել է հանրային դեմքերին վիրավորանք հասցնելը՝ վիրավորանքի կրկնության դեպքում հնարավոր դարձնելով մինչեւ երեք ամիս ազատազրկումը։
«Այդ նոր օրենքի շրջանակում սեպտեմբերին ոստիկանությունը քրեական գործ հարուցեց Ֆեյսբուքի մի օգտատիրոջ նկատմամբ՝ վարչապետին պատկերող լուսանկարի մեկնաբանությունների դաշտում նրան վիրավորանք հասցնելու համար»,- մասնավորապես ասված է Amnesty International-ի զեկույցում։
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ապահովել երկրում մեդիայի եւ խոսքի ազատությունը
Դեռեւս 2021-ի սեպտեմբերին որպես նախագիծ շրջանառվելիս օրենքը քննադատել էին նաեւ Freedom House, «Լրագրողներ առանց սահմանների» եւ այլ միջազգային կառույցներ:
Մասնավորապես, Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որով ՀՀ իշխանություններին կոչ է արել չեղարկելու վիրավորանքի, զրպարտության համար փոխհատուցման չափի բարձրացման օրենքը՝ նշելով, որ Հայաստանի իշխանությունները պարտավոր են ապահովել երկրում մեդիայի եւ խոսքի ազատությունը:
Հայաստանյան տասնմեկ լրագրողական կազմակերպություններ հիասթափեցնող ու վրդովեցուցիչ էին հռչակել ՍԴ հոկտեմբերի 9-ի որոշումը, որով «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» մարտի 24-ին ԱԺ ընդունած օրենքը համարվել է Սահմանադրությանը համապատասխանող։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրից: