Պենտագոնի՝ ԱՄՆ Կոնգրեսին ներկայացրած Ազգային պաշտպանության նոր ռազմավարության մեջ Ռուսաստանը ներկայացվել է որպես լուրջ սպառնալիք՝ Ուկրաինայում անցկացվող հատուկ գործողության պատճառով։ Չինաստանը ներկայացվել է որպես ԱՄՆ-ի գլխավոր ռազմավարական մրցակիցը։
Փաստաթղթում նշված է, որ ԱՄՆ-ը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել Հյուսիսային Կորեայից, Իրանից եւ ծայրահեղական կազմակերպություններից բխող սպառնալիքները:
Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, մեկնաբանելով ԱՄՆ ազգային պաշտպանության նոր ռազմավարությունը, նշել է, թե Պենտագոնի վերոնշյալ զեկույցը լցված է սառը պատերազմի շրջանի մտածողությամբ եւ ճամբարային դիմակայության գաղափարախոսությամբ։ Նա ընդգծել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը մեծ տերություններ են, եւ իրենց ճնշելու կամ զսպելու փորձերը հաջողությամբ չեն պսակվի։