ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահները դատապարտել են Ադրբեջանի վերջին գործողությունները Լեռնային Ղարաբաղում։
Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփեյերը, Դեյվիդ Վալադաոն եւ Ադամ Շիֆը Պետդեպարտամենտին կոչ են արել օգտագործելու իրենց ձեռքի տակ եղած դիվանագիտական բոլոր գործիքները՝ Ադրբեջանի նախագահի ռազմատենչ գործողությունները դադարեցնելու, նրան բանակցությունների սեղանի շուրջը վերադարձնելու համար:
Կոնգրեսականներն ընդգծել են, որ Ադրբեջանի զորքերի տեղաշարժը դեպի Արցախի հող, անօդաչու թռչող սարքերի օգտագործումը եւ այդ տարածքում խաղաղ բնակիչներին բնական գազի հիմնական աղբյուրից զրկելը 2020 թվականի հրադադարի խախտում են եւ սպառնալիք՝ անմեղ մարդկանց համար:
Նրանք հայտարարել են, որ Միացյալ Նահանգները չպետք է աչք փակի վտանգավոր գործողությունների վրա եւ պետք է ամեն ինչ անի տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ապահովելու համար։
«Պետդեպարտամենտին հորդորում ենք օգտագործել ձեռքի տակ եղած դիվանագիտական բոլոր գործիքները՝ Ադրբեջանի նախագահ Ալիեւի ռազմատենչ գործողությունները դադարեցնելու եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության խաղաղ գործընթացի միջոցով նրան բանակցությունների սեղանի շուրջը վերադարձնելու համար»,- ասված է կոնգրեսականների հայտարարությունում: