ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը եւ ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը եռանդուն ջանքեր են գործադրում Լեռնային Ղարաբաղում լարվածության լիցքաթափման ուղղությամբ:
The Moscow Post-ի թղթակցի՝ «ԼՂ շփման գծում տեղի ունեցողը արդյո՞ք Թուրքիայի հրահրմամբ «պղտոր ջրում ձուկ որսալու» ադրբեջանական փորձ չէ» հարցին ի պատասխան Զախարովան ասել է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում վերջերս տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ Մոսկվայի դիրքորոշումն արտահայտված է ՌԴ ԱԳՆ-ի մարտի 26-ի հայտարարության մեջ:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը շեշտել է, որ ռուս խաղաղապահները գործում են՝ խստորեն հետեւելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին:
«Ռուսաստանի ԱԳՆ-ն մշտական կապի մեջ է Երեւանի եւ Բաքվի ներկայացուցիչների հետ, իսկ օպերատիվ իրավիճակի մասին արդիական տեղեկությունն ամենօրյա ռեժիմով հրապարակվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորամիավորման պաշտոնական տեղեկագրում»,- ընդգծել է Զախարովան: