Տիգրան Էլչյանին պատկանող Kalinka ռուսական խոհանոցի ռեստորանում հաճախ են ստանում սպառնալիքներ հեռախոսով կամ սոցիալական ցանցերով: Մարդիկ բոյկոտում են ռուսական ռեստորանները, ոմանք սպառնալից ձայնային հաղորդագրություններ են ուղարկում ռուս ձեռներեցներին:
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի բռնություններից եւ հումանիտար ճգնաժամից հիասթափված մարդիկ իրենց զայրույթն ուղղում են ռուսական բիզնեսի եւ ապրանքանիշների վրա: Բիզնեսի սեփականատերերն ասում են, որ սա երբեւէ տեսած ամենաուժեղ հակառուսական տրամադրությունն է, ու նման վարքագիծն անվանում են իռացիոնալ եւ անտեղի, քանի որ իրենցից շատերը նույնիսկ ռուս չեն եւ դատապարտում են պատերազմը:
Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքում Kalinka ռեստորանի խոհարար եւ սեփականատեր Տիգրան Էլչյանն ասաց, որ շաբաթվա ընթացքում մի քանի սպառնալից զանգեր է ստացել: Բայց Էլչյանն, ինչպես Գլենդելի բնակչության մեծ մասը, ազգությամբ հայ է, եւ նրա ռեստորանը ներկայացնում է ոչ միայն ռուսական, այլեւ հայրենի երկրի, ինչպես նաեւ նախկին խորհրդային երկրների՝ վրացական եւ ղազախական խոհանոցի ուտեստներ:
«Բիզնեսը մի փոքր անկում է ապրում, 20-30 տոկոսով, բայց մենք կհաղթահարենք, ինչպես հաղթահարեցինք Քովիդ-19-ը»,- ասաց Էլչյանը:
Մանհեթենի Հադսոնում գտնվող Moscow խանութը, որը վաճառում է ռուսական, ուկրաինական եւ արտասահմանյան այլ ապրանքատեսակներ, նույնպես տարօրինակ զանգեր է ստացել տարատեսակ բացատրություններով եւ խնդրանքով, որ խանութը Պուտինից պահանջի դադարեցնել պատերազմը:
Գլեբ Գավրիլովը, որ ռուսի, լեհի եւ հույնի խառնուրդ է, աշխատեցնում է իր խանութը Խարկովում ծնված մոր հետ, անհանգստացած է պատերազմի եւ պատժամիջոցների հետեւանքով Արեւելյան Եվրոպա արտահանումների կրճատման համար:
«Եթե դուք նորմալ անձնավորություն եք, գոնե 90 տոկոսով, գիտեք, որ մենք հասկանում ենք: Մենք այստեղ ենք ապրում եւ խուսափել ենք այն խելագար իրավիճակից, որ տիրում է այնտեղ: Մեզ բոլորն են օգնում ու սատարում»: Խանութի ապրանքների մեծ մասը գալիս է Ռուսաստանից եւ Ուկրաինայից:
Գավրիլովն ասաց, որ Բրուքլինի իրենց մատակարարները, որոնցից ապրանք են գնում, արդեն նախազգուշացնում են, որ ապրանքների քանակը սպառվում է: Հաճախորդներն արագորեն գնում են ուկրաինական շոկոլադներ, ռուսական հացահատիկային եւ այլ մթերք, քանի դեռ դրանք կան խանութներում:
Ըստ EuroNews-ի պատրաստեց Կարինե Դավոյանը