Two arcs պատկերասրահում բացվել է գյումրեցի ժամանակակից նկարիչ Հրաչյա Վարդանյանի «Ճամփա ունիս» խորագրով առաջին երեւանյան անհատական ցուցահանդեսը:
«Ճանապարհ ունես գնալու»․ այս արտահայտությունը հաճախ է հնչում սուրճի բաժակով գուշակության ժամանակ, որը մեր մշակույթի յուրահատուկ մասնիկն է։ Սուրճի մրուրի ճաքերի ու խոռոչների մեջ պատկերներ ու դրանց հետեւում թաքնված իմաստ գտնելու փորձը կարող է այլընտրանքային բանալի լինել Հրաչյա Վարդանյանի աբստրակտ արվեստն ընկալելու համար։
Հրաչյայի գործերը ցուցադրվել են ոչ միայն Գյումրիում, այլեւ եվրոպական մի շարք քաղաքներում, ԱՄՆ–ում, Կանադայում, Չինաստանում։ Երկու աշխատանք ապրիլին կներկայացվի Վենետիկի բիենալեին զուգընթաց «Եվրոպական մշակութային կենտրոնի» կազմակերպած ցուցահանդեսում։
«Վերջին շրջանում հաճախ նկարում եմ աբստրակցիաներ, բայց իմ մոտեցումը աբստրակցիային եւ այս տեսակի ոչ պատկերային արվեստին ավելի շատ ուսումնասիրության է նման, այսինքն՝ սիմվոլները, նշանագրերն ինչ տեսակի ազդեցություն կարող են թողնել մարդու վրա։ Ես այդ փորձարկումն անում եմ ինքս ինձ վրա ու երբ զգում եմ՝ հաջողել եմ, ինչ-որ ընկալման հասել եմ, ցուցահանդեսների միջոցով կիսվում եմ»,- ասում է Վարդանյանը։
«Կողմնորոշման հանգույցներ» եւ «Լույսի գիշերը» խորագրերով շարքերը շարունակում են միմյանց։ «Կողմնորոշման հանգույցների» թեման գորգարվեստն է, գորգը՝ որպես արվեստ՝ իր խորհրդով, նշանագրերով։ Իսկ «Լույսի գիշերը» նյութի հետ հաղորդակցմանն է առնչվում։
«Նյութը խավարի ասոցիացիան ունի, բայց խավարից լույս է ծնվում։ Նյութից այն կողմ էլի ինչ-որ բան կա, այս նկարներն այդ փորձարկումներն են, այսինքն՝ հասնել նյութի սահմանին, ճեղքմանը, որից հետո արդեն այդ ճեղքերից նոր իմաստներ են ծնվում։ Կարծում եմ, դա ժամանակակից խնդիր է․ երբեմն կարծում ենք՝ մեր իրականությունից, մեր անելանելի իրավիճակից ելք չկա, սահմանին ենք հասել, բայց ելքը երեւում է անսպասելիորեն, երբ այդ ճեղքումը տեղի է ունենում, այսինքն՝ մենք պիտի ամրապնդենք այն գաղափարը, որ սահմանից այն կողմ ինչ-որ այլ ընկալում գոյություն ունի, ու փորձենք տեսնել դա։ Հիմնական խորհուրդը, թերեւս, սա է»,- իր կտավներն այսպես է մեկնաբանում Հրաչյա Վարդանյանը:
Նկարելիս նա փորձում է վրձնահարվածները նվազագույնին հասցնել։ «Թողնում եմ՝ ներկն իր ընթացքով զարգանա, ինքն իր կյանքով ապրի, ինքս չեմ ուղղորդում ներկի շարժումը։ Կաղապարը ներկի միջոցով երեւակվում է, ես էլ հետեւում եմ գործընթացին»,- ասում է Հրաչյա Վարդանյանն՝ իր ստեղծագործությունը նմանեցնելով լուսանկարի երեւակման պրոցեսին։
Ցուցահանդեսին ներկայացված երկու մեծածավալ աշխատանքները ստեղծել է 2015-2016 թվականներին՝ բնության հետ երկարատեւ շփման արդյունքում։ Գրաֆիկայից գեղանկարչությանն անցումը Վարդանյանն արել է Իռլանդիայում ապրելիս։ Վայրի բնության հետ շփումը մղել է մեծածավալ աշխատանքներ ստեղծելուն։ Դրանք եւս գորգերի ասոցիացիաներով են, գեղանկարներ են՝ խառը տեխնիկայով արված, շրջանակված են որպես գորգ, կրում են գորգերի մշակույթն ու սիմվոլները։
Իսկ ահա ցուցասրահի ներքնահարկում ցուցադրվում է Վենետիկ տարված երկու աշխատանքների լուսանկարները։ «Հիմա մասնակցում եմ Վենետիկի բիենալեին զուգընթաց European Culture Center-ի կազմակերպած ցուցահանդեսին։ Այն անցկացվում է ամեն տարի Personal structures խորագրով։ Երկու գործ եմ ներկայացրել, որոնք բնորոշ են ճեղքվածքներով նկարների գաղափարին։ Մեկը գորգային շարքից է՝ երկկողմանի բազմաշերտ գործ, այդ շերտերն այնքան հագեցած են, որ տպավորություն է, թե կտավը ճեղքվել է։ Եվ այդ ճեղքերի միջով կարող է լույսը անցնել։ Մեծ հաշվով, արվեստի գործը հենց այդ լույսն է՝ մթության միջով ներթափանցող»։ Հրաչյա Վարդանյանը նախագծի շուրջ աշխատում է ավստրիացի համադրողների հետ։
Աշխատանքներն ապրիլին կցուցադրվեն Վենետիկի «Պալացիո Մորա» ցուցասրահում։ Արվեստագետն ասում է՝ կստեղծվի քարանձավային միջավայրի մեջ լուսավոր ինստալյացիա, որն էլ կպատմի լույսի եւ մթության գաղափարների մասին։
Վենետիկ տարված աշխատանքները կոչվում են «cracks», այսինքն՝ ճեղքեր, ճեղքումներ։ «Կա այս ճեղքման կարոտը, որ ներկայիս իրավիճակը, մեր անցումները, իրականությունը՝ ոչ միայն հայաստանյան, այլ նաեւ աշխարհի, որ անմիջականորեն ազդում են մեր հոգեբանության վրա, ճեղքում ունենան մի օր, ու մենք անցնենք այդ ճեղքերի միջով՝ վերածնվելու համար կամ վերադառնալու մեր իրական վիճակին»,- ասում է արվեստագետը։
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։