Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ մարտի 30-ից մեկնարկել է 44–օրյա պատերազմի հետեւանքով Արցախից տեղահանված կամ Արցախում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիների աջակցության ծրագրի վճարման գործընթացը:
Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի՝ վճարումներն ուշացել են ցուցակների ճշգրտման պատճառով։ Ճշգրտումներն ավարտելուց հետո ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ցուցակները փոխանցել է Արցախի սոցիալական զարգացման եւ միգրացիայի գերատեսչությանը:
Աջակցության ծրագրի շահառու անչափահասները, ինչպես նաեւ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողները կստանան ամսական 40 հազար դրամ, մյուս բոլոր քաղաքացիները՝ անկախ տարիքից եւ սեռից՝ ամսական 20 հազար դրամ։
2021-ի տվյալներով` Հայաստանի Հանրապետությունում բնակվում են պատերազմի հետեւանքով տեղահանված 20 հազարից ավելի արցախցիներ:
Պատերազմի օրերին Հայաստանի Հանրապետություն էր տեղափոխվել շուրջ 98 հազար արցախցի, այդ թվում՝ 38 հազար տեղահանված:
Արցախի կառավարության տվյալներով՝ 2021-ի դեկտեմբերի դրությամբ Արցախում բնակվում է 117 հազար 455 մարդ: