Մարտի 30-ին Իտալական դիզայնի համաշխարհային օրվա շրջանակում Գյումրիում մեկնարկեց «Վերասերունդ» խորագրով ամենամյա «Իտալական դիզայնի օր» 6-րդ միջոցառումը: Նախաձեռնողն ու իրականացնողը Հայաստանում Իտալիայի դեսպանատունն է, աջակցողները՝ «Մանչինին ամբողջ աշխարհում» դիզայներական ընկերությունն ու Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը:
Միջոցառմանը մասնակցում էին հայ եւ իտալացի դիզայներներ, ճարտարապետներ, հետազոտողներ, ձեռնարկատերեր: Քննարկման առանցքում Իտալիան եւ իտալական ստեղծագործության առանձնահատկություններն էին: Ներկաներին տեսակապով ողջունեց ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը, կարեւորեց հայ-իտալական բարեկամությունը:
Ինչ անել, որ նորագույն լուծումներով դիզայնն ու ժամանակակից տեխնոլոգիաները ծառայեն հանուն կայուն ապագայի. դիզայներական գործի վարպետները քննարկել ու եզրահանգել են՝ միջավայրի պահպանությունն ու մաքուր էկոլոգիա ունենալու խնդիրն ուղղակիորեն համարում են իրենցը:
«Վերասերունդ» խորագրի հիմքում մասնագետները հին ու աղբի վերածվելիք իրերը վերարտադրելու գաղափարն են գործարկում: Առաջարկում են թափոնները նորոգել, թարմացնել եւ վերամշակել: Ավելի տեսանելի արդյունքի համար կարեւորում են խոշոր արտադրողից մինչեւ շարքային քաղաքացու պատրաստակամությունը: Որպես արդյունք՝ կունենանք նոր ու բարձրաճաշակ արտադրանք, չենք ունենա աղբ:
Ալեսանդրո Մանչինին «Մանչինին ամբողջ աշխարհում» դիզայներական ընկերության հիմնադիր-տնօրենն է: Դուբայից ուղիղ Գյումրի է եկել, գալու նպատակը՝ ինչպես միշտ, իտալական մշակույթը տարածել ամբողջ աշխարհով: Դիզայները շփվել է գյումրեցի երիտասարդների հետ ու մեծ ներուժ է տեսել: Գոհունակություն է հայտնում, որ միջոցառման իրականացման վայրն այս անգամ Գյումրին է, ասում է՝ իսկական արվեստի կենտրոն է հայտնաբերել այստեղ:
Գյումրեցի ժամանակակից արվեստագետ, նկարիչ Կարեն Բարսեղյանը միջոցառման առաջ քաշած խնդիրները խիստ արդիական է համարում մեր երկրի համար, ասում է՝ արվեստագետն առաջինը պետք է ականջալուր լինի բնության ձայնին:
«Տուրիզմ ենք զարգացնում, բայց բավարար չափով չենք կարողանում ապահովել միջավայրի մաքրությունը: Կարեւոր է, որ նյութը փոխենք այլ նյութի»: Երիտասարդ արվեստագետը խնդրի լուծման իր տարբերակը դեռ տարիներ առաջ էր գործարկել. ջինսերին երկրորդ, անգամ երրորդ կյանք է տալիս, վերամշակում ու ստեղծագործելու հումք է ստանում թափոններից: Իտալացի գործընկերների վերլուծություններն այս թեմայով կարեւոր է համարում, տարբեր երկրների փորձն էլ՝ անհրաժեշտ:
Գյումրիում Իտալիայի հյուպատոս Անտոնիո Մոնտալդոն կարեւոր է համարում միջոցառումը, ասում է՝ հաճելի է տեսնել, թե Իտալիայի մշակույթն ինչպես է մտնում հայկական իրականություն ու հատկապես Գյումրի:
«Հայաստանը եւ Իտալիան շատ նման են իրար: Մշակութային այսպիսի համագործակցություններն էլ նպաստում են, որ մեր կապն ավելի ամրանա»,- ասում է հյուպատոսն ու վստահեցնում, որ մշակույթն ավելի բարեկեցիկ է դարձնելու գյումրեցու կյանքը:
Գյումրիում միախառնվել է հայ-իտալական դիզայներական միտքը, մասնակիցներն արդեն վստահեցնում են, որ 7-րդ միջոցառմանն անպայման ներկա կլինեն:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։