Ըստ ՌԴ-ում Ֆրանսիայի Հանրապետության գլխավոր հյուպատոսության պաշտոնական կայքի՝ ապրիլի 1-ից Ֆրանսիան ռուսաստանցիների համար կհանի բոլոր տեսակի վիզաների տրամադրման սահմանափակումները, այդ թվում՝ զբոսաշրջային։
«Ռուսաստանից ժամանողների համար վերջերս թուլացել են ՔՈՎԻԴ-19 համավարակին առնչվող Ֆրանսիա մուտքի սահմանափակումները։ Վիզա ստանալու համար գրանցումն արդեն հնարավոր է դիմումատուների տարբեր կատեգորիաների համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ այդմ՝ ռուսաստանցիներն այլեւս կարիք չունեն պատվաստումների մասին ԵՄ-ում հաստատված հավաստագրեր տրամադրելու կամ հաստատելու նախկինում տրված ֆրանսիական վիզայի առկայությունը։
ՌԴ-ում Ֆրանսիայի հյուպատոսության կայքում ընդգծվել է, որ տվյալ պարագայում վիզա ստանալը չի նշանակում երկիր մուտք գործելու ավտոմատ թույլտվություն։ Որպեսզի ռուսաստանցիները համոզվեն, որ իրենց ընձեռվել է սահմանը հատելու հնարավորություն, նրանց խորհուրդ է տրվել պարզապես տեղեկությունը ստուգել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության կայքում: