Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ՌԴ Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինի հայտարարության առնչությամբ հետաքննություն է սկսել:
Միխայիլ Դելյագինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման եթերում կոչ էր արել ԼՂ-ում ռուս խաղաղապահներին չենթարկվելու պատճառով հարվածելու Ադրբեջանի նավթահանքերին:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Միխայիլ Դելյագինի խոսքերում «ահաբեկչական գործողություն կատարելու սպառնալիք, նաեւ ծառայողական դիրքի կիրառմամբ եւ ուժի սպառնալիքիով ազգամիջյան ատելության հրահրման, ինչպես նաեւ պաշտոնատար անձի՝ ագրեսիվ պատերազմ վարելու բաց կոչերի ակնհայտ հանցանշաններ» է տեսել: Բաքվում Դելյագինի նկատմամբ քրեական գործ է հարուցվել:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նշել է, որ մեղադրանք առաջադրելու համար հիմք հանդիսացող բավարար ապացույցների առկայության արդյունքում Միխայիլ Դելյագինը մարտի 29-ին որպես մեղադրյալ է ներգրավվել: Ռուս պատգամավորի նկատմամբ Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում է հայտարարվել, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:
Միաժամանակ պաշտոնական Բաքուն դիմել է մի շարք գործընկեր պետությունների իրավասու մարմիններին՝ վերջիններիս հորդորելով հետախուզվող ռուս պատգամավորին այդ երկրների տարածքում հայտնվելու դեպքում անհապաղ կալանավորել եւ արտահանձնել Ադրբեջանին:
ՌԴ Պետդումայի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան ասել է, որ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինի նկատմամբ Ադրբեջանի կողմից միջազգային հետախուզման հայտարարումը կարժանանա ՌԴ օրենսդիր մարմնի համապատասխան արձագանքին:
«Սա նյարդային, սխալ գործողություն է: Մենք կարձագանքենք նման հայտարարությանը, կփորձենք հիմա ձեռնարկել հստակ քայլեր՝ հանգստացնելու մեր գործընկերներին»,- ասել է նա: