Ուկրաինացի օլիգարխների եւ քաղաքական գործիչների՝ Ղրիմում ազգայնացման ենթակա ունեցվածքի ցանկում կներառեն Վլադիմիր Զելենսկիի բնակարանը Յալթայի Լիվադիա ավանում:
Ավելի վաղ Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը հայտարարել էր Կիեւի ռեժիմին եւ նացիզմին աջակցող ուկրաինացի օլիգարխների, քաղաքական գործիչների եւ պաշտոնյաների ունեցվածքի ազգայնացման մասին։ Ցուցակը պատրաստ կլինի այս շաբաթ, ինչից հետո Ղրիմի խորհրդարանը համապատասխան որոշումը կընդունի:
Զելենսկին մարտին օրենք է ստորագրել Ուկրաինայում Ռուսաստանի եւ ՌԴ ռեզիդենտների սեփականության օբյեկտների «հարկադիր առգրավման» մասին: Նա միաժամանակ սպառնացել է ամեն ինչ անել «ռուս քարոզիչների» սեփականության բռնագրավման համար՝ չմանրամասնելով, թե խոսքը հատկապես ում մասին է։
2019-ին Ուկրաինայում նախագահական ընտրարշավի ընթացքում հայտնի էր դարձել, որ Զելենսկիի կինը՝ Ելենան, 2013-ի ապրիլին անշարժ գույք է գնել Ղրիմի հարավային ափին՝ Յալթայի շրջանի Լիվադիա ավանում: Այդ ժամանակ Ղրիմը դեռ Ռուսաստանի կազմում չէր: Գնումից հետո վճարվել էին բոլոր պարտադիր հարկերն ու արվել անհրաժեշտ մուծումները, իսկ Զելենսկին պաշտոնապես հայտարարագրել էր անշարժ գույքը։