Թուրքական A haber հեռուստաընկերության եթերում Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները կյանքի չեն կոչվում։ Նա ասել է նաեւ, որ Թուրքիայում սպասում են Ռուսաստանի եւ Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպմանը:
Ըստ Թուրքիայի արտգործնախարարի` երկկողմ բանակցություններում չի քննարկվում, օրինակ, ռուսերենին առնչվող կետը, իսկ Ուկրաինայի ապառազմականացման հարցը հպանցիկ է քննարկվում: Գրեթե չի քննարկվում նաեւ Ղրիմի եւ Դոնբասի հարցը, որն, ըստ Չավուշօղլուի, պետք է լուծվի երկու երկրների նախագահների մակարդակով:
Չավուշօղլուն նշել է, որ Լավրովի եւ Կուլեբայի հանդիպման օրը թեեւ չի հաստատվել, բայց սպասվում է առաջիկա 1-2 շաբաթների ընթացքում: Բացի դրանից, ըստ Թուրքիայի արտգործնախարարի, սպասվում է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա։