Կառավարության մարտի 31-ի նիստում որոշում է ընդունվել պետության հաշվին պրոթեզավորել Արցախյան 44-օրյա պատերազմի 38 մասնակցի։
Որոշման հիմնավորման համաձայն` 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորման հետեւանքով ստորին եւ վերին վերջույթների ամպուտացիաներ ունեցող զինվորների պրոթեզավորման համար «Հայաստան» համահայկական հիմնադրամը Զինվորի տանը որպես նվիրատվություն տրամադրել էր պրոթեզավորման համար անհրաժեշտ բոլոր նյութերն ու սարքավորումները։
Պրոթեզների պատրաստման, տեղադրման, ընթացիկ սպասարկման, նորոգման ծառայությունները մինչեւ 2022-ի հունվարի 31-ը ֆինանսավորել են բարերարները։
Սակայն այս պահին ֆինանսական ֆոնդը սպառված է։ Ներկա դրությամբ 38 վիրավոր զինվորների 41 ստորին վերջույթների պրոթեզավորումն ավարտին հասցնելու նպատակով անհրաժեշտ է լրացուցիչ 13 միլիոն 530 հազար դրամ։
Կառավարության մարտի 31-ի որոշմամբ` անհրաժեշտ ամբողջ գումարը կտրամադրվի ՀՀ պետական բյուջեի միջոցներից։