Թուրքական A Haber հեռուստաընկերության եթերում Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի եւ Հայաստանի հատուկ բանագնացները մի քանի անգամ են հանդիպել, բայց մշտապես հեռախոսակապի մեջ են։
Թուրքիան առաջարկել է Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների հետ եռակողմ հանդիպում ունենալ։ Անթալիայում չի հաջողվել դա կազմակերպել, սակայն Ադրբեջանը դեմ չէ։
«Հնարավո՞ր է՝ ՀՀ արտգործնախարարը ժամանի Անկարա կամ դուք մեկնեք Երեւան» հարցին Չավուշօղլուն դրական պատասխան է տվել։ «Այո, դրանք բոլորը կարող են լինել, հնարավոր բաներ են։ Կարեւորն այս ընթացքում Ադրբեջանի հետ մեր կապն է ու նրա դիրքորոշումը»,-ընդգծել է Թուրքիայի արտգործնախարարը։
Ըստ թուրք պաշտոնյայի՝ հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ են փոխադարձ քայլեր, սա դեռ սկիզբն է։