Երեւանի քաղաքապետարանից հայտնել են, որ ապրիլի 1-ից հատվածաբար կհիմնանորոգվի Ազատության պողոտա-Դավիթ Անհաղթ (Լամբադա) տրանսպորտային հանգույցը։
«Ազատության պողոտա-Դավիթ Անհաղթ (Լամբադա) տրանսպորտային հանգույցի ստորգետնյա հատվածի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 1-ից ժամանակավորապես կփակվեն հանգույցի՝ նաեւ տրանսպորտային վերգետնյա առանձին ուղղությունները»,- նշված է հաղորդագրության մեջ:
1-ին փուլում, որը նախագծով սահմանվել է ապրիլի 1-30-ը, կհիմնանորոգվի Ազատության պողոտայից դեպի Դավիթ Անհաղթի փողոց (դեպի Զեյթուն) ճանապարհային հատվածը: Նորոգման ամբողջ ընթացքում իբրեւ այլընտրանքային ճանապարհ կգործի Ազատության պողոտա-Սուրենյանց փողոց հատվածը։
2-րդ փուլը կտեւի մայիսի 1-31-ը, որի ընթացքում կհիմնանորոգվի Կոմիտասի պողոտայից դեպի Ազատության պողոտա (դեպի Հաղթանակ զբոսայգի) ճանապարհային հատվածը:
3-րդ փուլը կտեւի հունիսի 1-30-ը, որի ընթացքում կհիմնանորոգվի Դավիթ Անհաղթից դեպի Ազատության պողոտա (դեպի նախկին Ռայկոմի ուղղությամբ) ճանապարհային հատվածը։
4-րդ փուլը կտեւի հուլիսի 1-31-ը, որի ընթացքում կհիմնանորոգվի Ազատության պողոտայից դեպի Կոմիտասի պողոտա ճանապարհային հատվածը։
Թե մայրաքաղաքի բյուջեից որքան գումար է հատկացվել Ազատության պողոտա-Դավիթ Անհաղթ (Լամբադա) տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման համար, եւ հատկապես որ շինարարական կազմակերպությունն է իրականացնելու նախագիծը, Երեւանի քաղաքապետարանը չի հրապարակել։