Հայաստանի մանկատներում, ծերանոցներում, հոգեկան առողջության կենտրոններում եւ սոցիալական աջակցության ու խնամքի հաստատություններում պահեստավորված սնունդն ու սանիտարահիգիենիկ պարագաները սպառվում են։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, որի ենթակայությամբ են գործում վերոնշյալ հատատությունները, ահազանգել է, որ շտապ կարիք կա համալրելու այնտեղ պահեստավորված սնունդն ու սանիտարահիգիենիկ պարագաները։
Նախարարությունը մանրամասն պարզաբանել է ստեղծված իրավիճակի պատճառները։
Բանն այն է, որ տվյալ ՊՈԱԿ-ների համար սննդի, սանիտարահիգիենիկ պարագաների եւ այլ գնումներն իրականացվել են կենտրոնացված գնման ընթացակարգով։ Իսկ կարիքների բավարարման համար հայտարարված մրցույթում հաղթող են ճանաչվել նախ «Դանինի» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղը, ապա՝ «Տումոե» ՍՊԸ-ն։
Ինչո՞ւ է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ՍՊԸ-ներին թույլատրվել մասնակցել մատակարարի մրցույթին
Ինչպես հետո պարզվել է, մրցույթում տարբեր ժամանակ հաղթող ճանաչված երկու ՍՊԸ-ներն էլ ընդգրկված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցանկում՝ նման կերպ զրկված լինելով մանկատներին, ծերանոցներին եւ սոցիալական այլ հաստատություններին սննդամթերքով եւ այլ անհրաժեշտ ապրանքներով ապահովելու հնարավորությունից։
Ընդ որում, առաջին անգամ մրցույցթում հաղթող ճանաչված «Տումոե» ՍՊԸ-ի ներկայացված փաստաթղթերում, ինչպես հետո պարզվել է, անհամապատասխանություններ են հայտնաբերվել։ Ընկերությանը ժամանակ է տրվել փաստաթղթերում շտկումներ կատարելու համար, ինչը չի արվել, ուստի հայտը գնահատվել է անբավարար եւ մերժվել։
Ահա այս «շղթայական անհամապատասխանությունների» հետեւանքով էլ սոցիալական հաստատոությունների սննդամթերքի պահեստները դատարկ են մնացել։
Հնարավոր ճգնաժամից խուսափելու համար ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկել է էլեկտրոնային աճուրդի փոխարեն սննդամթերքի, տնտեսական, սանիտարահիգիենիկ եւ մաքրող նյութերի ձեռքբերումն իրականացնել այլ` գնանշման հարցման ընթացակարգով։
Պատրաստեց Ռոբ Մանուկյանը