Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ Բաքվում տեղի են ունեցել բանակցություններ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Լեհաստանի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնեւ Ռաուի միջև։
Հանդիպման ընթացքում Ալիեւը հայտարարել է, որ Զբիգնեւ Ռաուի այցը Բաքու լավ հնարավորություն է կարեւոր հարցեր քննարկելու համար։ Մասնավորապես նա խոսել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի աջակցությամբ Բրյուսելում Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի ապրիլի 6-ին տեղի ունենալիք նոր հանդիպման եւ դրա հնարավոր արդյունքների մասին։
Ադրբեջանի նախագահը հույս է հայտնել, որ այդ հանդիպումն արդյունավետ կլինի։
«Արդեն մի քանի հանդիպումներ են տեղի ունեցել, եւ մենք պետք է շարժվենք դեպի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղություն եւ որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքենք։ Ադրբեջանը ներկայացրել է այս համաձայնագրի հիմնարար սկզբունքները»,- շեշտել է Ադրբեջանի նախագահը։
Եկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու ժամանակը
Ի հեճուկս միջազգային հանրությունից ստացվող ուղերձների՝ Ալիեւը հերթական անգամ հայտարարել է, թե ԼՂ հակամարտությունը լուծված է, եւ որ արղեն եկել է Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունները կարգավորելու ժամանակը։
«Մենք որոշակի ազդակներ ենք ստանում հայ պաշտոնյաներից: Ինչպես ինձ վերջերս ասացին, այդ ուղերձներից մեկն այն է, որ նրանք ընդունելի են համարում մեր առաջարկը։ Սա շատ լավ նորություն է, եւ ես հույս ունեմ, որ Բրյուսելում տեղի ունենալիք հանդիպումն էլ ավելի հստակություն կմտցնի այս հարցում»,- ասել է Ալիեւը:
Ադրբեջանի նախագահը նշել է, որ Բաքվի ներկայացրած հինգ սկզբունքներն արտացոլում են միջազգային իրավունքի նորմերը, միջազգային լավ վարքագիծը։ Ալիեւը թվարկել է դրանք՝ տարածքային ամբողջականության եւ միջազգային սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչում, այնուհետեւ՝ սահմանազատում:
«Ես հավատում եմ, որ դրա հիման վրա խաղաղություն կգա Կովկաս: Մեր ուզածը հենց դա է։ Մենք Հարավային Կովկասի երեք երկրների ակտիվ համագործակցության ներուժ ենք տեսնում: Ըստ իս՝ դա կարեւոր կլինի ոչ միայն այդ երկրների համար։ Իհարկե, այս բոլոր հարցերը պետք է լուծվեն շատ ուշադիր եւ ժամանակին»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը: