ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնեւ Ռաուն հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցելու Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ինչպես նաեւ գործադրելու բոլոր ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության պահպանման ուղղությամբ:
«ԵԱՀԿ-ն պատրաստ է նաեւ իր ներդրումն ունենալու Հայաստանի են Ադրբեջանի սահմանազատման եւ սահմանագծման գործում, քանի որ կազմակերպությունը մեծ փորձ ունի այդ ոլորտում»,- Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ հավելել է Ռաուն։
Զբիգնեւ Ռաուն մարտի 31-ին աշխատանքային այցով կժամանի Երեւան: Ապրիլի 1-ին Հայաստանի ԱԳՆ-ում տեղի կունենա Հայաստանի արտգործնախարարի եւ ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպումը, որին կհետեւեն մամուլի համար հայտարարությունները: Այցի շրջանակում նախատեսվում են նաեւ Զբիգնեւ Ռաուի հանդիպումները Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ: