Ըստ ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարության՝ Ռուսաստանը, ի պատասխան իր նկատմամբ կիրառված պատժամիջոցների, Եվրամիության բարձրագույն ղեկավարությանը ներառել է «սեւ ցուցակում»:
Ռուսական կողմը զգալիորեն ընդլայնել է ԵՄ անդամ երկրների եւ եվրոպական կառույցների ներկայացուցիչների ցանկը, որոնց մուտքը ՌԴ տարածք, «Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու եւ ՌԴ մուտք գործելու կարգի մասին» դաշնային օրենքի համաձայն, արգելվում է:
«Սահմանափակումները վերաբերում են Եվրամիության բարձրագույն ղեկավարությանը, դրանց թվում՝ հակառուսական քաղաքականություն քարոզող եվրոպացի մի շարք հանձնակատարների եւ ԵՄ ռազմական կառույցների ղեկավարների, ինչպես նաեւ Եվրախորհրդարանի պատգամավորների ճնշող մեծամասնությանը»,- ասված է հայտարարությունում:
Կրեմլի «սեւ ցուցակը» ներառում է նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ԵՄ անդամ որոշ երկրների կառավարությունների եւ խորհրդարանների ներկայացուցիչների, ինչպես նաեւ հասարակական գործիչների եւ լրատվամիջոցների աշխատակիցների, որոնց ռուսական կողմը պատասխանատու է համարում հակառուսական պատժամիջոցների խթանման, ռուսաֆոբիայի տրամադրություններ հրահրելու համար: