Անցած շաբաթավերջին եւ այս շաբաթվա սկզբին տեղական ինքնակառավարման մարմիններին առնչվող իրադարձություններ տեղի ունեցան, որ միջազգային բուռն անցուդարձի, Հայաստանի եւ Արցախի սահմանների իրավիճակի լարվածության ֆոնին պատշաճ ուշադրության չարժանացան։
Մինչդեռ դրանք Հայաստանի ներկա «հեղափոխական» իշխանությունների՝ ամեն ինչ իրենցով անելու եւ իրական ժողովրդավարությունից նահանջի հերթական ազդակներն էին։
Ես արդեն առիթ ունեցել եմ գրելու, որ փաշինյանական իշխանությունը ձգտում է տեղական ինքնակառավարման ողջ համակարգը իր եւ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության անմիջական ուղղահայաց ենթակայության տակ բերել եւ դրա համար կանգ չի առնում ոչ մի միջոցի առջեւ։
Առաջին իրադարձությունն, իհարկե, մարտի 27-ին Վեդի խոշորացված համայնքի ավագանու ընտրություններն էին։
Սա շատ հետաքրքիր նախապատմություն ունի։ Անցյալ տարվա դեկտեմբերի 5-ին ՔՊ-ն այս համայնքի ընտրություններում պարտվել էր։ Ամենից շատ ձայն ստացել էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 43,06%։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել էր ընդամենը 38,21%, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 16,39%: Սակայն ինչ-ինչ խաղերի հետեւանքով որևէ կոալիցիա կազմել չստացվեց, նշանակվեցին նոր ընտրություններ:
Բայց համայնքը հո անտեր չպիտի՞ մնար։ Եվ Նիկոլ Փաշինյանը համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար (ԺՊ) նշանակեց … ընտրություններում պարտված ուժի, այսինքն՝ ՔՊ-ի ցուցակը գլխավորող Գարիկ Սարգսյանին։ Իհարկե, միայն ու միայն համայնքի շահերից ելնելով։ Ուրիշ բան չկարծեք։ Էդ մենակ «ժողովրդավարության բարձրագույն լիգա» մտած Հայաստանի չուզողներն են աղաղակում, թե դա արվել էր վարչական լծակներն օգտագործելու եւ արտահերթ ընտրություններում հաղթելու համար։ Չկա՛ այդպիսի բան. մեծ առաջնորդ Փաշինյանը այդպիսի բան թույլ չի տա…
Հավատացի՞ք։ Ծիծաղեցի՞ք։
Բայց ծիծաղելի չէ, ողբերգություն է, որ համայնքի ղեկավարի ԺՊ է նշանակվում նախկինում մարզպետ, ապա պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ աշխատած եւ ոչնչով (բացի կոկորդիլոսաբուծության մասին խոսելուց) աչքի չընկած մեկը՝ «ով ուզում է լինի՝ մերոնցից լինի» սկզբունքով։
Ծիծաղելի չէ, ողբերգություն է, որ պաշտպանության նախարարը, Հայաստանի ու Արցախի սահմանների այս լարված պահերին ժամանակ է հատկացնում մի համայնքի ընտրություններում իր կուսակցության թեկնածուի համար քարոզչություն անելու, իսկ մի այլ կարկառուն ՔՊ-ական (Արփի Դավոյանը) դա արտառոց չի համարում՝ ըստ էության արտահայտելով իրենց կուսակցության վերաբերմունքը սահմաններին եւ մի համայնքի ընտրություններին։
Ծիծաղելի չէ, ողբերգություն է, որ ՏԻՄ ընտրություններից առաջ Վեդու համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Սարգսյանի որոշմամբ համայնքային բյուջեից բնակիչներին դրամական օգնություն է տրամադրվում, բայց նույն իշխող ուժի ներկայացուցիչ, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը դա վարչական ռեսուրսի չարաշահում չի համարում։
Իսկ հիմա՝ ուշադրություն. Գորիսի ընտրված համայնքապետ Առուշ Առուշանյանը նախընտրական շրջանում բնակչությանն օգնություն բաժանելու մեղադրանքով (դրան կցվել էին այլ մեղադրանքներ եւս) ամիսներ շարունակ կալանավորված էր։ Առուշանյանի արածը, ըստ իրավապահների, ընտրակաշառք էր, իսկ Գարիկ Սարգսյանի արածը՝ ոչ։
ՏԻՄ-երին առնչվող երկրորդ դրվագը հենց Գորիսի ընտրված համայնքապետ Առուշ Առուշանյանին է վերաբերում։
Մարտի 28-ին դատարանը հրապարակեց նրա գործով վճիռը։ Եվ այստեղ է, որ փաշինյանական իշխանությունն իր պատկերացմամբ «ձիով քայլ» արեց. դատարանը մի քանի դրվագով արդարացրեց, մի քանի դրվագով դատապարտեց, բայց ի վերջո Առուշանյանին դատարանի դահլիճից ազատ արձակեց, սակայն… արգելեց հինգ տարի ժամկետով տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոններ զբաղեցնել։ Իրոք, «սողոմոնյան վճիռ» է. «ո՛չ շիշը կվառվի, ո՛չ քյաբաբը»։
Փաշինյանն ու նրա ձեռնասուն կամակատարները հասկացան, որ այստեղ չեն կարող գնալ Վեդիի ճանապարհով։ Այսինքն, եթե անգամ խժդժություններ հրահրեն, արտահերթ ընտրություններ նշանակեն, մինչ այդ էլ որեւէ ՔՊ-ականի համայնքի ղեկավարի ԺՊ կարգեն, մեկ է, պարտվելու են։ Եվ ահա՝ ընտրեցին անցանկալի համայնքապետից ազատվելու այդ ձեւը՝ նրան հինգ տարով զրկելով համայնք ղեկավարելու իրավունքից։
Այսուհանդերձ, քանի դեռ վճիռը օրինական ուժի մեջ չի մտել, Առուշանյանը, իբրեւ համայնքի ընտրված ղեկավար, դեռ կպաշտոնավարի, իսկ նրա փաստաբանական թիմը բողոքարկումներով այդ ժամկետը հնարավորինս կերկարաձգի։
Թեպետ ներկա «աննախադեպ» ինքնասիրահարված իշխանությունը ոչ մի խորհուրդ չի լսում, այսուհանդերձ, տամ իմ խորհուրդը.
Հարգելիներս, տարրական արժանապատվություն ունեցեք՝ ընդունելու ձեր պարտությունները ՏԻՄ-երի ընտրություններում, եւ մարզերն ու համայնքները զարգացնելու նպատակով համագործակցեք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրված ղեկավարների հետ, ինչ ուժ էլ որ նրանք ներկայացնեն։ Եթե, իհարկե, ձեր նպատակը երկիրը զարգացնելն է եւ ոչ թե ամենուր սեփական անկարող կադրերով կուսակցական դիկտատուրա հաստատելը։
Հ. Գ. Իսկ Գարիկ Սարգսյանը շուքով նշել է իր «հաղթանակը»։ Ռեստորանում։ Թեպետ մինչ այդ հայտարարել էր, թե «Հաղթեց վեդեցին, հաղթեց մեր իմաստուն ժողովուրդը…»։ Փաստորեն հաղթել է վեդեցին, հաղթել է իմաստուն ժողովուրդը, բայց հաղթանակի քեֆում տժժում են կողմնակիցներով։ Շատ ժողովրդավար է։ Իսկական «բարձագույն լիգայի» ժողովրդավար ղեկավար։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։