Հայաստանում գազի սակագնի բարձրացման մասին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ մարտի 1-ի որոշմամբ ապրիլի 1-ից գազի գինը թանկացավ։
Ըստ հաստատված սակագների` ՀՀ շարքային սպառողների համար գազի գինը ապրիլի 1-ից կբարձրանա 4,7 դրամով՝ 139 դրամի փոխարեն դառնալով 143,7 դրամ։ Բացառություն են սոցիալապես անապահով սպառողները, որոնց համար գազի գինը չի փոխվի` ի հաշիվ Կառավարության սուբսիդավորման։ Նրանք կշարունակեն վճարել 1 խմ–ի դիմաց 100 դրամ սակագնով։
Ջերմոցային տնտեսությունները 1 խմ—ի դիմաց կվճարեն շուրջ 114 դրամ
Որոշ արտոնություններից կօգտվեն նաեւ գյուղոլորտի տնտեսվարողները, մասնավորապես` ջերմոցային տնտեսությունները։ Նրանց համար սահմանվել են սեզոնային զեղչեր. ջեռուցման սեզոնին` նոյեմբերի 1-ից մինչեւ մարտի 31-ը, նրանք 1000 խմ-ի դիմաց կվճարեն 233,9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (1 խմ-ի դիմաց շուրջ 114 դրամ` ըստ այդ պահի փոխարժեքի)։ Տարվա մնացած ամիսներին կվճարեն ՀՀ շարքային սպառողների պես` 1 խմ-ի դիմաց 143,7 դրամ։
Պահածոներ, խմիչքներ եւ կաթնամթերք արտադրողների համար սակագինը չի փոխվի
Գյուղատնտեսության ոլորտի վերամշակող՝ պահածոների, խմիչքների եւ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսությունների համար գազի սակագինն ամբողջ տարին կլինի անփոփոխ` 1000 խմ-ի համար 233,9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (շուրջ 114 դրամ)։
ՋԷԿ-երը մինչեւ 10 հազար խմ գազի դիմաց կվճարեն 143,7 դրամ
Հայաստանյան այլ տնտեսությունները, այդ թվում` ՋԷԿ-երը, ամսական մինչեւ 10 հազար խմ բնական գազի համար կվճարեն բնակչության համար սահմանված սակագնով` 143,7 դրամ, իսկ 10 հազար խորանարդ մետրից ավելի սպառած յուրաքանչյուր 1000 խմ գազի համար՝ 265,81 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (շուրջ 130 դրամ):
Գազի սակագնի վերանայման ժամկետն ամեն տարի ապրիլի 1-ն է, քանի որ ապրիլի 1-ից Հայաստանում ջեռուցման սեզոնն ավարտվում է։