ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ նախագահ Զբիգնեւ Ռաուի հետ համատեղ ասուլիսին հայտարարել է, որ Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից ակնկալում է Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների կազմակերպում։
Նա հիշեցրել է, որ Հայաստանը ԼՂ հակամարտության բոլոր փուլերում հանդես է եկել խնդրի բացառապես խաղաղ կարգավորման օգտին։ Միրզոյանը հավելել է, որ պաշտոնական Երեւանի համար Ադրբեջանի ներկայացրած առաջարկներն ընդունելի են։
«Միաժամանակ ասել ենք, որ դրանք այնուամենայնիվ լիովին չեն հասցեագրում խնդիրների ամբողջ օրակարգը։ Մենք ամբողջացրել ենք այն մեր առաջարկներով` ավելացնելով, որ մեզ համար սկզբունքային է Լեռնային Ղարաբաղի իրավունքների եւ կարգավիճակի հարցը»,– նշել է Միրզոյանը։
Հուսով է՝ ԵԱՀԿ ՄԽ-ն բանակցությունները կկազմակերպի հայկական կողմի օրակարգով
Նա շեշտել է, որ ակնկալվում է` ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն առաջիկայում կկարողանա խաղաղ բանակցություններ կազմակերպել հենց հայկական կողմի ներկայացրած օրակարգով եւ համապարփակ խաղաղության պայմանագիր կնքելու նպատակով։
ԱԳ նախարարի պնդմամբ` հայկական կողմը հետեւողական կլինի հարցում, ինչպես նաեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների շրջանակներում ստանձնած պարտավորություններին եւ նախանշված ուղենիշներին։
Սպասում է Ադրբեջանի արձագանքին
Նա վերահաստատել է, որ հայկական կողմը պատրաստակամ է սահմանագոտում կայունության բարձրացման քայլեր ձեռնարկել, այնուհետեւ սկսել նաեւ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի մեկնարկը։
Միրզոյանը հիշեցրեց նաեւ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթանում են խորհրդակցություններ, բանակցություններ` տրանսպորտային եւ տնտեսական ուղիների ապաշրջափակման վերաբերյալ։ Այստեղ եւս Հայաստանն առաջարկով է հանդես եկել, այժմ սպասում է Ադրբեջանի արձագանքին։ Ըստ նրա` Հայաստանը ենթադրում է, որ տնտեսական ապաշրջափակման, խաղաղության պայմանագրի ստորագրման եւ Ադրբեջանի կառուցողական մոտեցման դեպքում հնարավոր կլինի հասնել շոշափելի արդյունքների: