ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 1-ին ասուլիսում հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, այդ թվում՝ Ուկրաինայի արտադաշինքային կարգավիճակի հարցում։
«Լսել եք՝ ինչպես են մեր բանակցողները մեկնաբանել ստամբուլյան հանդիպումը, որտեղ առաջին անգամ ուկրաինական կողմը թղթին է դրել այն պայմանավորվածությունների իր տեսլականը, որոնց պետք է հասնել։ Եվ այդ պայմանավորվածություններն, ընդհանուր առմամբ, պետք է նախ ձեւավորվեն»,- ասել է Լավրովը։
Ռոսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ Մոսկվայում արձագանք են պատրաստում, որում առաջընթաց կա։ Դա, ըստ Լավրովի, առնչվում է Ուկրաինայի՝ որեւէ ռազմական դաշինքի, հատկապես ՆԱՏՕ-ին հարելու անհնարինությանը, ինչպես նաեւ ոչ միջուկային արտադաշինքային չեզոք կարգավիճակին։
Միեւնույն ժամանակ Լավրովը նշել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունները շարունակվում են, եւ որեւէ վերջնական ծրագիր ու պայմանավորվածություն դեռեւս չկա: