ՌԴ Դաշնային խորհրդի՝ միջազգային գործերով կոմիտեի փոխնախագահ Անդրեյ Կլիմովը չի բացառել, որ Աջարիան կհետեւի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի օրինակին` սկսելով Վրաստանի կազմից դուրս գալու գործընթացը։
Ավելի վաղ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ երկիրը մասնակցում է ՌԴ-ի նկատմամբ բոլոր միջազգային ֆինանսական պատժամիջոցներին` վստահություն հայտնելով, որ դա արվել է «ի պատասխան Հարավային Օսիայի` ՌԴ կազմի մեջ մտնելու ցանկության վերաբերյալ Ցխինվալի առաջարկի»։
«Չեմ բացառում, որ նման իրադարձությունների պայմաններում Աջարիան կհետեւի Աբխազիայի եւ Օսիայի օրինակին եւ Վրաստանի կազմից դուրս գալու գործընթաց կսկսի։ Հաշվի առնելով պատմական (թրքամետ), կրոնական (իսլամական) եւ աշխարհագրական (ծովով սահմանակից է Թուրքիային) հանգամանքները՝ դժվար չէ հասկանալ, որ Անկարան աջարացի անջատողականների աջակցմամբ բաց չի թողնի Սեւծովյան հյուսիսարեւելյան տարածաշրջանում իր ազդեցությունն ուժեղացնելու հնարավորությունը»,- հայտարարել է ՌԴ սենատորը։
Ռուսաստանի հետ առեւտրից ստացվող եկամուտները նվազագույնին կհասնեն
Կլիմովի կարծիքով` հակառուսական պատժամիջոցներին միանալու Վրաստանի իշխանությունների որոշումը նախեւառաջ կհարվածի այդ երկրի քաղաքացիներին։ Ըստ նրա` Ռուսաստանի հետ առեւտրից ստացվող եկամուտները նվազագույնին կհասնեն, Վրաստանի համար կենսական նշանակություն ունեցող ապրանքների մատակարարումը ՌԴ-ից՝ նույնպես։
Կլիմովը հավելել է, որ Ռուսաստանում վրացական ապրանքների տեղը կզբաղեցնեն այլ երկրների ապրանքներ։ Ռուսաստանցի զբոսաշրջիկների ներհոսքն ակնհայտորեն կնվազի։ Լեռնային այս փոքր երկրի ծանր տնտեսական վիճակն, ըստ սենատորի, կրիտիկական կդառնա։
Ռուս սենատորը նշել է, որ ներկայիս գործողությունների համար պատասխանատվությունը կընկնի Վրաստանի իշխանությունների ուսերին։
Այդ նպատակը կյանքի կոչելու հնարավորություն կար դեռեւս 2014-ի՞ն
Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովն ավելի վաղ հայտարարել էր, որ հանրապետությունն առաջիկայում իրավաբանական քայլեր կձեռնարկի ՌԴ-ի կազմի մեջ մտնելու համար։ Նա նշել էր, որ ռազմավարական այդ «նպատակը կյանքի կոչելու հնարավորություն կար դեռեւս 2014-ին, «երբ հանրաքվեի արդյունքում Ղրիմը վերամիավորվեց ՌԴ-ի հետ»։