Ապրիլի 1-ը 1906 թվականից աշխարհի տասնյակ երկրներում նշվում է որպես թռչունների պաշտպանության միջազգային օր:
Ամսաթիվը պատահականորեն չի ընտրվել: Հաշվի է առնվել, որ հարավից թռչունները հայրենի վայրեր են չվում մարտի վերջից ապրիլի սկիզբ ընկած ժամանակահատվածում: Վերջին օրերին լուսանկարիչ բնասեր Բերտա Մարտիրոսյանի ֆոտոխցիկը Հայաստան վերադարձող կամ տարանցիկ թռչունների մի քանի երամ է որսացել:
Հայաստանի տարածքում հայտնաբերված եւ ուսումնասիրված է թռչունների 351 տեսակ, որոնցից 110-ը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
Բնապահպանական այս տոնը նվիրված է թռչունների խնդիրներին՝ դրանց ապօրինի որսին, որոշ տեսակների աստիճանական ոչնչացմանն ու վտանգմանը:
Թռչունները կարեւոր դեր ունեն մեզ ծանոթ բոլոր էկոհամակարգերում, դրանց անհետացումը կարող է հանգեցնել իրական աղետի: Ուստի Թռչունների օրվան նվիրված տոնական բոլոր միջոցառումները կոչված են հիշեցնելու մայր բնության եւ մարդու կյանքում թռչունների կարեւորության մասին:
Մարդն իր գոյության ընթացքում ոչնչացրել է երկրագնդի ցամաքային վայրի կենդանիների 83%-ը, ծովային կենդանիների 75%-ը:
Տեղեկանք
Առաջին անգամ թռչունների օրը նշվել է 1894-ին ԱՄՆ Օյլ Սիթի քաղաքի դպրոցներից մեկում կենսաբանության ուսուցչուհու նախաձեռնությամբ: Գաղափարը լայնորեն լուսաբանվել է տեղական մամուլում: Այնուհետեւ տարածում է ստացել այլ քաղաքներում, ապա՝ բոլոր նահանգներում ու Եվրոպայում:
1902-ին Փարիզում ստորագրվել է վայրի բնության առանձին տեսակների պաշտպանությանը նվիրված առաջին բազմակողմանի միջազգային փաստաթուղթը՝ «Գյուղատնտեսության համար օգտակար թռչունների պաշտպանության մասին» կոնվենցիան: Ճիշտ է, այն ժամանակ Կոնվենցիայի կողմերն ավելի շատ հետաքրքրված էին «օգտակար» թռչուններով, այլ ոչ առհասարակ թռչնատեսակների պահպանությամբ, այնուհանդերձ այն համարվում է հիմնարար համաձայնագիր միջազգային բնապահպանական իրավունքի զարգացման համար ու կարեւոր տեղ է զբաղեցնում միջազգային մակարդակով բնապահպանական պայմանագրերի եւ օրենքների պատմության մեջ:
Լուսանկարները՝ Բերտա Մարտիրոսյանի
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։