Գնալով ավելի եմ համոզվում, որ բոլոր մարդիկ սրտակից ընկերների են փնտրում։ Եվ հենց դա է, որ պակասում է այս աշխարհում։ Եվ դրա կարիքն է, որ մենք ամենից հաճախ զգում ենք։ Այո՛, մենք բոլորս փնտրում ենք ընկերոջ․ նրան, ով կլինի սրտացավ, կընդունի մեզ այնպիսին, ինչպիսին որ ենք՝ մեր սխալներով, թերություններով ու թուլություններով, չի դատի աչքի տեսածով, այլ կփորձի զգալ մեր սրտում եղածը, աստվածայինը, մաքուրը, վեհը։
Մենություն
Մենության թեման հաճախ են արծարծում պոետները։ Շատերն են բողոքել մենակ եւ չհասկացված լինելուց։ Սրտակից ընկերոջ փնտրտուքի մասին են նաեւ մեծն Սարոյանի բազմաթիվ պատմվածքները։ Հիշենք «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ»-ը։ Վերնագրից սկսած՝ պատմվածքն ամբողջությամբ հենց միայն այն մասին է, որ մարդը հանդիպում է փնտրում մարդու հետ, որ յուրաքանչյուրիս պետք է մեկը, ով մեր կողքին կլինի եւ կլսի մեզ: Նա այդպես էլ գրում է. «Մարդ պետք է միշտ մեկին ունենա իր կողքին, թե՛ ձմռանը, երբ ցուրտ է, թե՛ գարնանը, երբ հաճելի եղանակ է, թե՛ ամռանը, երբ շոգ է…»:
Իսկ ինչպիսի՞ ընկեր պետք է ունենա մարդն իր կողքին: «Մեկին, որը իմանալով հանդերձ, որ դու վատն ես, այնուամենայնիվ սիրում է քեզ,- ասում է Սարոյանը:- Եթե դու ինձ հետ գաս, ես կլինեմ աշխարհի ամենաերջանիկ մարդը: Ես կդադարեմ այլեւս վատ մարդ լինելուց»:
Այո՛, այդպես է՝ սրտակից, սիրով մոտեցումը օգնում է մարդուն, որ նա փոխվի, դադարի վատ մարդ լինելուց:
Հանդիպում
Մենք փնտրում ենք հանդիպում մեկի հետ, ով կընդունի մեզ մեր թերություններով ու սխալներով՝ այնպիսին, ինչպիսին որ ենք։ Նման սրտակից հարաբերությունները հոգեբանությունում կոչվում են էմպաթիա։
Էմպաթիայի գործելու կերպը, դրսեւորումը եւ այն, թե ինչպես է տեղի ունենում հանդիպումը, վարպետորեն նկարագրել է Վիլյամ Սարոյանը «Ծիծաղ» պատմվածքում: (Կարդացե՛ք, եթե չեք կարդացել։) Ուսուցչուհին, որ մի երիտասարդ աղջիկ է եւ ժամանակավոր փոխարինում է հիմնական ուսուցչին, պահանջում է աշակերտից, որ նա դասերից հետո մնա եւ մեկ ժամ անընդմեջ ծիծաղի։ Ուսուցչուհին այդպես ցանկանում է պատժել աշակերտին, քանի որ նա դասի ժամանակ ծիծաղել է իր վրա։
Սկզբում տղան հակադրվում է։ Նա մտքում որոշում է, որ ոչ մի դեպքում չի ծիծաղելու, թեկուզ իրեն ճիպոտահարեն։ Մտածում է, որ ավելի լավ է իրեն ճիպոտահարեն, քան նսեմացնեն։ Սակայն հետո տղան կամաց-կամաց սկսում է զգալ ուսուցչուհու ապրումները, եւ նրա ներսում արթնանում է կարեկցանքը։ Այդպես նա որոշում է ինքն իրեն ստիպելով ծիծաղել, որ ուսուցչուհին իրեն վատ չզգա։ Այնուհետեւ ձեւական ծիծաղը փոխարինվում է բնականի։ Տղան սկսում է հիշել, թե որքան ծիծաղելի բաներ կան այս կյանքում, եւ ծիծաղում է ողջ սրտով։ Հանկարծ նա նկատում է, որ ուսուցչուհին լաց է լինում, եւ ամեն ինչ փոխվում է իր համար։ Նա էլ սկսում է հեկեկալով լաց լինել։ Իսկ երբ հանգստանում է, նկատում է, որ ուսուցչուհին եւս խաղաղվել ու հանգստացել է։
Ահա այսպես է աշխատում էմպաթիան։ Երբ զգում ենք մեզ ցավ պատճառողի հույզերը, այն, որ ինքն էլ մի լավ վիճակում չէ, եւ թեկուզ ձեւական, կատարում ենք առաջին քայլը նրան ընդառաջ, բացվում է կարեկցանքի դուռը, եւ մեր ձեւական քայլերը դառնում են բնական։ Այդ ժամանակ էլ տեղի է ունենում ալքիմիական վերափոխումը՝ փոխվում ենք ե՛ւ մենք, ե՛ւ մեզ վիրավորողը․․․ Փոխվում է աշխարհը։
Մենք բոլորս նման հանդիպումների կարիքն ունենք, որոնց շնորհիվ դրականորեն կփոխվենք, եւ աշխարհը մի փոքրիկ քայլ կանի դեպի ներդաշնակություն։
Ի՞նչ անել
Փաստորեն էմպաթիան այն է, ինչի կարիքը զգում ենք բոլորս։ Այն կարող է նպաստել կյանքն ավելի ներդաշնակ եւ գեղեցիկ դարձնելուն։ Էմպաթիային հասնելու առաջին քայլը մեզ հանդիպած մարդկանց նկատելն է։ Եթե միայն կարողանանք նկատել հանդիպած մարդուն, տեսնենք նրա սրտի փնտրածը, աշխարհը կփոխվի։
Միշտ հիշենք՝ բոլոր մարդիկ սրտակից հարաբերությունների կարիք ունեն։ Եվ եթե մենք նրանց հետ այդպես ենք վարվում, մեր վերաբերմունքը փոխադարձվում է։
Անգամ բիզնեսում, եթե նկատում ենք հաճախորդին, դա նպաստում է, որ նա իրեն բավարարված զգա եւ հաջորդ անգամ նորից գա մեզ մոտ։ Նաեւ, եթե ուզում ենք, որ մեր գործընկերն ավելի արդյունավետ կատարի իր գործը, պետք է խոսենք նրա հետ՝ նկատելով նրան, զգալով նրա դժվարությունները, փորձելով հասկանալ նրա խնդիրները։
Հավատացե՛ք՝ դա անհամեմատ ավելի արդյունավետ կլինի, քան նրա հետ վերեւից խոսելը, հրամայելը կամ պարտադրելը, անգամ շահագրգռելը։
Թերեւս արժե այսպես վարվել կյանքի բոլոր դեպքերում։ Եթե մտնում ենք որեւէ սրճարան կամ նման վայր, նկատե՛նք մատուցողին, վաճառողին, դրամարկղի մոտ նստած գանձապահին։ Մեր ուշադրությունը թող հասնի նրան։ Հարաբերվենք նրա հետ՝ դիմելով նրան, նայելով նրա աչքերին։ Նա դրսում դրված վճարումների համար նախատեսված ավտոմատ չէ։ Չմոռանանք նաեւ վերջում շնորհակալություն հայտնել։ Նման քայլերով նպաստում ենք ցավի քչանալուն։
Եվ եթե մեր մտերիմը, բարեկամը կամ պարզապես ծանոթն իրեն վատ է զգում եւ կարիք ունի օգնության, այցելե՛նք նրան։ Լինե՛նք նրա կողքին, լսե՛նք նրան։ Փորձենք զգալ նրա ապրումները, ասենք նրան, որ հասկանում ենք իրեն։ Բայց լինենք զգոն՝ չպարտադրենք մեզ, մեր ներկայությունը, մեր «բարի» խորհուրդները, գիտեցած ճիշտը։ Պարզապես ջանանք սրտակցությամբ լսել։
Հավատացե՛ք՝ այսքանն արդեն քիչ չէ․ այսպես մենք քչացնում ենք դիմացինի ցավը, օգնում գտնելու ելքեր «անելանելի» թվացող իրադրություններից։ Եվ սա անպայման կփոխադարձվի։
Մաթեմատիկոս, տեխնիկական գիտությունների թեկնածու։ Աշխատում է ՏՏ ոլորտում ծրագրավորող։ Հետաքրքրությունների շրջանակը՝ մարդ, հոգեւոր գիտելիք, հոգեբանություն, փիլիսոփայություն։