Հադրութի Մեծ Թաղեր գյուղից Չարենցավան տեղափոխված ընտանիքը դժվար ժամանակներ է ապրում: 44-օրյա պատերազմը ոչ միայն խլել է նրանց գյուղը, տունը, հարազատներին եւ ընկերներին, այլեւ հետք է թողել նրանց առողջության վրա:
Հինգհոգանոց ընտանիքի ավագը 69-ամյա Եղիշե Ղալեչյանն է։ Հարազատ Մեծ Թաղերում 50 տարի զբաղվում էր այգեգործությամբ: Ասում է՝ ողջ կյանքի ընթացքում անդադար ծանր աշխատանք է կատարել, բայց առողջական խնդիր երբեւէ չի ունեցել: Իսկ ահա պատերազմից հետո արդեն երեք վիրահատություն է տարել, առաջիկայում չորրորդը պետք է արվի: Ընտանիքի ամենափոքրիկը 3.5-ամյա Անուշիկն է, նրա մոտ վերջերս սրտանոթի արատ է հայտնաբերվել:
Ընտանիքի 6-ամյա որդին` Սեւակը եւս առողջության խնդիր ունի: Նա ծնվել է մեկ աչքով եւ վեց ամսականից կես տարին մեկ պետք է այցելի հիվանդանոց՝ աչքի պրոթեզը նորացնելու համար:
Երեխաների հայրը եւ Եղիշե պապիկի որդին` Գրիգորին, պատմում է, որ Չարենցավանում մշտական աշխատանք գտնելը գրեթե անհնար է: Ժամանակ առ ժամանակ կարողանում է բանվորի մեկանգամյա աշխատանք ստանալ, բայց այդպես հնարավոր չի լինում հոգալ ընտանիքի կարիքները: Պատերազմի հետեւանքով ամեն ինչ կորցրած հինգհոգանոց ընտանիքը հիմնականում ապրում է պապիկի ու Սեւակի թոշակներով:
Գրիգորին եղել է Հադրութի զորամասի խոհարարը:
Պատերազմի օրերին զբաղվել է հիվանդ ծերերին գյուղից հանելով եւ անվտանգ վայր տեղափոխելով:
Գրիգորի. «Մեծ Թաղերից զոհվել է 21 զինծառայող: Երեք հոգու էլ թշնամին մորթել է գյուղում:
Մեկ հոգի մինչեւ հիմա անհետ կորած է»:
Գրիգորի. «Ասում են՝ Մասիսում լավ աշխատանք կա, ուղղակի այնտեղ էլ տների վարձն է թանկ:
Այստեղ 50 հազար ենք տալիս, այնտեղ տների վարձը 100 հազարից է սկսվում:
Վախենում ենք՝ տեղափոխվենք, այնտեղ մի բան այնպես չստացվի, կանգնենք փաստի առաջ»:
Ընտանիքի անդամները համացանցում իրենց գյուղի մասին տեսանյութ են գտել:
Եղիշե Ղալեչյան. «Գյուղի որոշ տներ հողին են հավասարեցված, դրանց վրայով նոր ճանապարհ են կառուցել»:
Եղիշե Ղալեչյան. «Ինչ ասես տեսանք: Հիմա ամբողջ օրը դեղեր եմ խմում»:
Իրինան պատմում է, որ գյուղում մեծ այգի ուներ, որտեղ ամեն ինչ աճում էր:
Հիմա պատուհանագոգին փոքրիկ թասի մեջ պղպեղ է աճեցնում:
Իրինա. «Երբ գյուղից հեռանում էինք, շատ ծանր վիճակ էր: Ես չէի ուզում գնալ, բայց երեխաների համար էի անհանգիստ:
Այդ պահին գյուղի մասին չէի մտածում, եղբորս մասին էի մտածում. պատերազմի առաջին օրից ոչ մի լուր չունեինք:
Յոթ ամիս հետո պարզվեց, որ հենց առաջին օրն է զոհվել»:
«Նախ յոթ ամիս Արզնիում ապրեցինք, բայց այնտեղ էլ չէինք կարող մնալ, հետո տեղափոխվեցինք Չարենցավան:
Չգիտենք, թե հետո ինչ պետք է անենք, բայց ամեն դեպքում հիմա այստեղ երեխաներն արդեն մանկապարտեզ ու դպրոց են գնում»:
Ծնողները պատմում են, որ դպրոցում Սեւակը աչքի խնդրի պատճառով դժվար է գրում, բայց շատ է ձգտում շտկելու իր սխալները,
քանի որ չի ցանկանում հետ մնալ համադասարանցիներից:
Իրինա. «Մինչեւ չափահաս դառնալը Սեւակի պրոթեզն անընդհատ պետք է փոխվի, չափահաս դառնալուց հետո դեռ չգիտենք, թե ինչ պետք է արվի:
Եղել են դեպքեր, որ պրոթեզը պետպատվերով է արվել, եղել է, որ մենք ենք գումարը տվել»:
Դպրոցը ընտանիքի ժամանակավոր բնակարանին շատ մոտ է: Դրանից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա է նաեւ պարտեզը,
ուր հաճախում է ընտանիքի ամենակրտսեր անդամը` Անուշիկը:
Իրինա. «Բժիշկները նախ ասացին, որ Անուշիկին անմիջապես պետք է վիրահատել, բայց հետո որոշեցին մի քիչ սպասել,
տեսնել, թե ինչպես իրեն կզգա երեխան»:
Ծնողները խնամքով պահում են երեխաների այս լուսանկարը, որն արվել էր պատերազմից ընդամենը քսան օր առաջ` Մեծ Թաղերի իրենց տանը:
Այդ օրը նրանք խաղաղ ու երջանիկ էին եւ նշում էին Անուշիկի երկրորդ տարեդարձը:
Ընտանիքը մեծ լարվածությամբ է հետեւում վերջին օրերին Արցախից` Թաղվարդից հասնող լուրերին:
«Այնտեղ բարեկամներ ունենք, անհանգստանում ենք նրանց համար, բայց հույս ունենք, որ այս ամենը շուտով կավարտվի,
ու մարդիկ կկարողանան վերադառնալ իրանց բնականոն կյանքին»,- ասում է Գրիգորին:
Լրագրող, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։