Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ կատակերգու Քրիս Ռոքին բեմում հարվածելուց հետո որոշել է ինքնակամ լքել ամերիկյան Կինոարվեստի եւ գիտության ակադեմիան:
«Ես չեմ արդարացրել ակադեմիայի վստահությունը եւ դուրս եմ գալիս Կինոարվեստի եւ գիտության ակադեմիայից: Պատրաստ եմ կրելու ցանկացած պատիժ, որը տեղին կհամարի կառավարիչների խորհուրդը»,- ասել է Սմիթը, որի հայտարարությունը հրապարակել է Variety ամսագիրը:
Կինոակադեմիան միջադեպի առնչությամբ կարգապահական հետաքննություն է սկսել Սմիթի նկատմամբ: CNN-ի տվյալներով՝ ապրիլի 18-ին նախատեսվում է Ակադեմիայի կառավարիչների խորհրդի նիստը, որի ժամանակ դերասանի նկատմամբ կարող են միջոցներ ձեռնարկել: Մասնավորապես, հնարավոր է դադարեցվեր Կինոակադեմիայում Ուիլ Սմիթի անդամակցությունը, կիրառվեին այլ պատժամիջոցներ:
Դերասանն իր արարքը Կինոակադեմիայի 94-րդ մրցանակաբաշխությանը աններելի ու ցավոտ է որակել եւ ներողություն խնդրել Քրիս Ռոքից, նրա ընտանիքից, դահլիճում ներկա անձանցից, իր ընկերներից եւ միլիոնավոր հեռուստադիտողներից:
«Փոփոխությունները ժամանակի կարիք ունեն, եւ ես պատրաստ եմ աշխատանք տանելու, որպեսզի այլեւս երբեք բռնությունը բանականությանը չհաղթի»,- եզրափակել է Ուիլ Սմիթը: