ԱՄՆ պետդեպի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ԱՄՆ պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը ապրիլի 2-9-ը կայցելի Ֆրանսիա, Թուրքիա, Հունաստան, Կիպրոս եւ Գերմանիա:
Այցերի ընթացքում Նուլանդը կքննարկի իրադրությունն Ուկրաինայում եւ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հարցը:
Ֆրանսիայում նախատեսված է Նուլանդի հանդիպումը Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի իր գործընկերների հետ:
Դրանից հետո ամերիկացի պաշտոնյան մեկնելու է Թուրքիա, Հունաստան ու Կիպրոս, որտեղ հանդիպումներ կունենա պաշտոնատար անձանց ու քաղհասարակության ներկայացուցիչների հետ: Հանդիպումներում Նուլանդը կքննարկի տարածաշրջանային անվտանգությանը, տնտեսական հարցերին ու երկկողմ առաջնահերթություններին առնչվող հարցեր:
Գերմանիայում Վիկտորիա Նուլանդը կհանդիպի G7-ի երկրների իր գործընկերների հետ եւ կքննարկի համապարփակ հարցերի ամբողջ շրջանակը, ինչպես նաեւ համավարակից հետո Մեծ յոթնյակի երկրներում վերականգնման ընթացքը: