Ապրիլի 1-ին Ախուրյան խոշորացված համայնքում միանգամից երկու կարմիր ժապավեն կտրեցին: Քեթի եւ Ջաջուռ բնակավայրերում հանդիսավորությամբ մանկապարտեզներ բացվեցին:
Կրթօջախները կառուցվել են Կառավարության սուբվենցիոն ծրագրով եւ Ախուրյան համայնքի համաֆինանսավորմամբ: Մեկ տարի տեւած շինարարության համար ներդրվել է մոտ 60 միլիոն դրամ, որից 60 տոկոսը՝ պետության, 40 տոկոսն էլ համայնքի ներդրումն է:
Գույքը ձեռք է բերվել «Փարոս» հիմնադրամի եւ Focus on Children Now (FCN) բարեգործական կազմակերպության աջակցությամբ:
Քեթիի մանկապարտեզը նախատեսված է 60 երեխայի համար, այժմ գրանցված են 40-ը, Ջաջուռինը՝ 30 երեխայի համար, արդեն հաճախել պատրաստվում են 22-ը:
Շիրակի մարզպետարանից տեղեկացնում են, որ մարզի բնակավայրերի կեսից ավելին արդեն նախակրթարան ունի։ Եթե որոշ գյուղերում մանկապարտեզ ունենալու իրենց հերթին անհամբեր սպասողներ կան, կան նաեւ հեռավոր բնակավայրեր, որտեղ, բնակիչների բնորոշմամբ, գլխից էլ են ազատվել, գլխացավից էլ․ համայնքներում չկան երեխաներ, չկա մանկապարտեզի կարիք։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։