Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդը տեսազանգով կապվել է ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեի համանախագահ Ջավանշիր Ֆեյզիեւի հետ։
Ըստ Եվրախորհրդարանի կայքէջում զետեղված հաղորդագրության՝ Մարինա Կալյուրանդն իր մտահոգությունն է հայտնել նախորդ շաբաթ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի նախահարձակ ռազմական ներխուժման կապակցությամբ, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի խախտում է։
Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավարը Ադրբեջանին հորդորել է անհապաղ հետ քաշել ուժերը շփման գծից՝ համաձայն ԵԱՀԿ Մինսկի համանախագահ բոլոր երեք երկրների կոչերի։
Հայտարարության մեջ Մարինա Կալյուրանդը հիշեցրել է Եվրախորհրդարանի 2022-ի մարտի 10-ի բանաձեւը Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ եւ շեշտել ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախատեսված անկախ տեխնիկական առաքելության` տարածաշրջան մուտք գործելու եւ իրենց աշխատանքն անխոչընդոտ կատարելու՝ Ադրբեջանի շտապ թույլտվության անհրաժեշտությունըː
Եվրապաշտոնյան ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդի նախագահի ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսված հանդիպման հայտարարությունը: Նա հույս է հայտնել, որ ԵՄ-ն կկարողանա նպաստել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը:
Մարինա Կալյուրանդը Ադրբեջանին հորդորել է ձեռնպահ մնալ ցանկացած միակողմանի գործողությունից, որը կարող է խաթարել այս ջանքերը:
«Եվ որ ոչ պակաս կարեւոր է, բարձրաձայնել եմ մտահոգություններս եւ հավելյալ տեղեկություն հայցել Միացյալ Թագավորությունում զգալի չափով գումարի առգրավման վճռի մասին, որը պարոն Ֆեյզիեւի ընտանիքի մերձավոր անդամների հաշիվներից լվացվել էր, այսպես կոչված, ադրբեջանական լվացքատան սխեմայի միջոցով»,- նշել է Կալյուրանդը: