Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիեւում Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության հարցում առաջընթաց է արձանագրվել:
«Խոստանում եմ՝ Եվրամիությունը կճանաչի Ուկրաինայի եվրոպական հավակնությունները եւ ԵՄ անդամակցության թեկնածու երկիր լինելու ցանկությունը»,- իր հերթին նշել է Ռոբերտա Մեցոլան:
Ստամբուլում մարտի 29-ին ռուս-ուկրաինական բանակցություններից հետո ՌԴ նախագահի խորհրդական Վլադիմիր Մեդինսկին հայտնել էր, որ Մոսկվան չի առարկում Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտումներին։ Նա նշել էր, որ Կիեւը հրաժարվում է ռազմական դաշինքների միանալուց, Ուկրաինայում օտարերկրյա ռազմակայաններ տեղակայելուց, զորավարժություններ անցկացնելուց առանց երաշխավոր երկրների, այդ թվում՝ ՌԴ-ի համաձայնության։