Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

aliq

[/vc_column_text][/vc_column][/vc_row]

ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ԶԱԳՐԵԲ ՔԱՂԱՔՈՒՄ

Լրագրող՝ Դարիո Թոփիկ (Dario Topic)
Օպերատոր՝ Պետար Կլեշչիչ (Petar Kleščić)

* * *

ԿԻԵՒԻ ԱՊԱՍՏԱՐԱՆՈՒՄ՝ ՍՊԱՍԵԼՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՐՁԱԿՄԱՆԸ

Օրերը մենք հիմա հաշվում ենք պատերազմը սկսվելու օրվանից: Ոչ ոք չգիտի՝ այսօր ամսի 8-րդ, 9-րդ, թե 10-րդ օրն է, երկուշաբթի է, երեքշաբթի, թե չորեքշաբթի: Մենք գիտենք, որ պատերազմի 14-րդ օրն է։ Մենք դա տածված չենք անում, այդպես ստացվում է:

Ես Դենիս Ցուչաեւն եմ, երեսունչորս տարեկան։ Ապրում եմ Կիեւից հարավ գտնվող Հատիվ գյուղում: Հիմա ապաստարանի վերևի մասում եմ, քանի որ այստեղ ավելի լավ կապ կա, թեեւ այնքան ապահով չէ, որքան ներքեւում: Ես այստեղ եմ կնոջս եւ նրա մայրիկի հետ: Մեր տունը շատ մոտ է, բայց քանի որ նկուղ չունենք, եկել ենք ապաստարան։ Ցերեկը, եթե հարվածներ չեն լինում, գնում ենք տուն, իսկ կեսօրից հետո նորից վերադառնում։

Հայրս ուկրաինացի է, մայրս՝ կիսով չափ հույն։ Երբ ես տասնվեց տարեկան էի, գնացինք Հունաստան՝ Լարիսա։ Ես սովորեցի քիմիա, աշխատեցի Greenpeace-ում, 2018-ին կնոջս հետ գնացինք քսան երկրներ՝ հանդիպելու կամավորական խմբերի եւ հասարակական կազմակերպությունների հետ: Վերադարձանք Ուկրաինա 2019-ին՝ շարունակելու մեր կյանքը որպես խորհրդատուներ սոցիալական եւ բնապահպանական ոլորտներում։

Հարձակման օրը մենք տանն էինք։ Ընկերս՝ մեր հարեւանը, մեզ արթնացրեց եւ հարցրեց՝ լսել ենք ռմբակոծության մասին: Նա մեզ ասաց, որ պատերազմը սկսվել է։
Իրավիճակը բավականին լարված էր առաջին օրերին։ Ամբողջ օրը ինչ-որ ձայներ էինք լսում, անընդհատ պայթյուններ էին մոտակա մի քանի ռազմական օդանավակայաններում, որոնց առաջին հերթին էին խփում։ Սարսափել էինք, չէինք քնում։ Մեր ընկերները մոտակա գյուղերից հաղորդագրություն էին գրում. «Լսեցի՞ք»: «Այո՛, լսեցինք, սա ի՞նչ էր»։ «Ինչ-որ բան ընկավ»:

Դա սարսափելի էր: Մենք երբեք չէինք սպասում, որ այս ամենը տեղի կունենար:
Մեզ չեն նախազգուշացրել։ Լսել էինք, որ ինչ-որ բան են պատրաստում, բայց մտածում էինք, որ դա հերթական քաղաքական խաղ է, որ նրանք հանդգնություն չեն ունենա իրական պատերազմ սկսելու։ Նույնիսկ հիմա Պուտինը հրաժարվում է խոստովանելուց, որ սա պատերազմ է, նա ասում է՝ «հատուկ ռազմական գործողություն» է։

Երրորդ օրն էր, կնոջս հետ որոշեցինք չլքել գյուղը եւ օգնել կարիքավոր մարդկանց եւ ուկրաինական բանակին։ Ստեղծեցինք թիմ, որը հոգ կտանի տարեցների եւ շաքարախտով, ասթմայով, նույնիսկ քաղցկեղով հիվանդ մարդկանց համար:

Կամավորները գնում են շրջակա գյուղեր կամ Արեւմտյան Ուկրաինա՝ դեղամիջոցներ գտնելու եւ մեր կողմն ուղարկելու համար։ Մասնակցում է նաեւ ճանաչված երգչուհի Ռուսլանան։ Քիչ առաջ ես խոսում էի նրա հետ։ Նա ապրում է հարեւան գյուղում եւ շատ ակտիվ է։ Նա օգնեց մեզ գտնելու զրահաբաճկոններ, սաղավարտներ… Երեկ մենք բեռնատար էինք փնտրում ուկրաինական բանակի համար… Ընդհանրապես, Ուկրաինայում մարդիկ միավորվել են եւ սովորել են ինքնակազմակերպվել։

Տարածքի տասը խանութներից միայն երեքն են բաց եւ մեկ դեղատուն։ Նախկինում, երբ մարդիկ հեռանում էին, խանութները դատարկ էին։ Բայց հիմա Կիեւի մերձակայքում գտնվող ամենամեծ առեւտրի կենտրոններն ունեն բոլոր անհրաժեշտ պաշարները: Մատակարարումը Ուկրաինայի հարավից է, իհարկե ոչ նորմալ արագությամբ, բայց դեռեւս կա։

Ապաստարանը, որտեղ գտնվում եմ, բետոնե ընդարձակ նկուղ է, դպրոցում: Մեծ սենյակներ ունի, մարդիկ քնում են ներքնակի վրա, իրար կողքի։ Մեր բախտը բերել է, որ նոր է, կառուցվել է 2004 թվականին եւ մաքուր է, ունի սանհանգույց, խոհանոց։ Որոշ քաղաքներում վիճակը ողբերգական է, կացարանում երկու հարյուր մարդ կա, նույնիսկ ջուր չունեն։ Այստեղ առաջին օրերին մոտ 150 մարդ կար, բայց հիմա շատերը հեռացել են, մնացել է մոտ 50 մարդ։

Տարբեր տարիքի մարդիկ են, բայց հիմնականում ընտանիքներ են։ Երեխաները շատ են: Քանի դեռ նրանք չեն քնում, ապաստարանը բավականաչափ աղմկոտ է լինում: Երբ ահազանգեր չեն հնչում, պայթյուններ չեն լինում, իրավիճակն ավելի հանգիստ է։ Բայց երբ հնչում են ռմբակոծություններ, մարդիկ վրդովվում են։

Ապաստարանում ես ընկերներ եմ ձեռք բերել եւ հերթափոխում ենք՝ գիշերը 10-ից մինչեւ առավոտյան 6-ը, մուտքը հսկելու համար։ Ամեն գիշեր մեր քննարկումները միշտ կապված են իրավիճակի հետ, թե ինչ ենք տեսել ցերեկը, քանի ինքնաթիռ է խոցել ուկրաինական բանակն այսօր, ինչ են ասում ռուսական տնտեսության վերլուծաբանները, հակառակորդի ինչքան զինամթերք, քանի հրթիռ է մնացել։ Սրանք են մեր սովորական խոսակցությունները հիմա: Չենք խոսում սպորտից կամ Զատիկի անելիքներից։

Երբ պայթյունները հեռվից ենք լսում, նույնիսկ ուշադրություն չենք դարձնում։ Բայց երբ պատերն ու պատուհանները շարժվում են, սկսում ենք անհանգստանալ։ Հետո սկսում ենք մտածել՝ դա մենք ենք անում, թե մեզ վրա է ուղղված։ Հիմա արդեն ռումբի ձայնի տեսակից հասկանում ենք՝ ընկել է, թե արձակվել է ներքեւից։ Ամենից շատ վախենում ենք խաղաղ բնակչության վրա հարձակումներից, ինչպես եղավ Մարիուպոլի մանկական հիվանդանոցում, որտեղ հղի կանայք ու երեխաներ կային։

Այս ամենը ողբերգական է, վերջին օրերին նրանք հարձակվում են խաղաղ բնակչության վրա: Մինչդեռ Ռուսաստանի կառավարությունը պնդում է, որ կրակում են միայն ռազմական թիրախների վրա…

Ներկայումս Կիեւի հյուսիսում ռուսական շատ մեծ ուժեր կան։ Ասում են՝ վառելիքն ու զինամթերքը վերջացել են, բայց վերջին օրերին տեսանք, որ սկսել են «երկիր-օդ» հրթիռային համակարգեր ներմուծել։ Դա այն է, ինչի համար մենք հիմա ամենից շատ ենք անհանգստանում:

Մարտի 11, Istorima կայքից

Denis
general

48 ԺԱՄ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ․ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ

Կինոռեժիսոր եւ լուսանկարիչ Տասոս Կարանտակոսի / A Greek Solo

* * *