ԵՄ տնտեսական հարցերով հանձնակատար Պաոլո Ջենտիլոնին հայտարարել է, որ Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթ է մշակում: Ըստ նրա՝ նոր սահմանափակումները չեն ազդի էներգետիկ ոլորտի վրա։
Նա հավելել է, որ այժմ աշխատանքներ են տարվում այդ պատժամիջոցները շրջանցելու հնարավորությունները սահմանափակելու ուղղությամբ։
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը նախօրեին հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ պետք է պատժամիջոցների նոր փաթեթ մտցվի, որի բովանդակությունը կորոշվի մոտ օրերս։
Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին թվիթերյան գրառման մեջ նշել էր, որ Ռուսաստանի նկատմամբ արեւմտյան պատժամիջոցներն արդյունավետ չեն։ Ըստ Մորավիեցկու՝ դրա մասին է վկայում ռուբլու փոխարժեքը, որը վերադարձել է այն մակարդակին, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից առաջ էր։
«Սա նշանակում է, որ մեր գործողությունները չեն հանգեցրել այն արդյունքին, ինչին ձգտել են արեւմտյան երկրների ղեկավարները»,- ընդգծել է Մորավիեցկին։