Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակից հայտնել են, որ երկրի ֆինանսների նախարարության հաշվարկներով ռուս-ուկրաինական պատերազմում Կիեւը մեկ ամսվա ընթացքում ծախսել է շուրջ 10 միլիարդ ԱՄՆ դոլար:
Ուկրաինայի նախագահի գրասենյակում անցկացված խորհրդակցության ընթացքում ներկաները քննարկել են երկրի տնտեսական վիճակը հակամարտության 37-րդ օրվա դրությամբ եւ ուսումնասիրել մոտ ապագայում տնտեսության զարգացման հեռանկարները:
Ի թիվս այլեւայլ հարցերի խորհրդակցության մասնակիցները քննարկել են ռազմական ծախսերի ֆինանսավորման աղբյուրները, երկրի հարկային պարտականությունների կատարման ծավալը եւ Ուկրաինայի միջազգային գործընկերների դրամական աջակցությունը: Այդ համատեքստում անդրադարձել են ապրիլին առավել պարզեցված հարկման հեռանկարներին:
Այդ առումով հատկանշական է, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը ապրիլի 1-ին Կոնգրեսին ծանուցել է Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության (USAI) տրամադրած լրացուցիչ աջակցության գործողությունների մասին:
«USAI-ի միջոցով կտրամադրվի մինչեւ 300 միլիոն դոլարի աջակցություն անվտանգության ոլորտում Ուկրաինայի պաշտպանունակությունն ուժեղացնելու համար: Այս որոշումն ընդգծում է Միացյալ Նահանգների անսասան հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Բայդենի վարչակազմի պաշտոնավարման սկզբից ի վեր Միացյալ Նահանգները Ուկրաինային տրամադրել է ավելի քան 2,3 միլիարդ դոլարի աջակցություն՝ ուղղված անվտանգության ապահովմանր։