ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել ապրիլի 2-3-ը աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իտալիայի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի եւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը:
Ավելի վաղ` ապրիլի 3-ի առավոտյան, Իտալիայի արտգործնախարարը, որն առաջին անգամ է այցելում Հայաստան, իրեն ուղեկցող պատվիրակության հետ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
ՀՀ ԱԳ նախարարy իտալացի գործընկերոջ հետ հանդիպմանը վերահաստատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության հովանու ներքո Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակելու Հայաստանի պատրաստակամությունը՝ ուղղված խաղաղության պայմանագրի կնքմանը: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանի համար սկզբունքային է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:
Իտալիան պատրաստակամ է աջակցելու քաղաքացիական բնակչությանը
Լուիջի դի Մայոն հայտարարել է, որ Իտալիան տեղյակ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ հետեւանքների եւ խաղաղ բնակչության կրած տառապանքների մասին:
«Մենք դրական ենք վերաբերվում Հայաստանի եւ Ադրբեջանի բարձր մակարդակի ուղիղ շփումներին եւ վճռականորեն աջակցելու ենք խաղաղ, համապարփակ եւ կայուն լուծմանը. լուծում, որը երաշխավորում է խաղաղության եւ կայունության հեռանկարը կովկասյան տարածաշրջանում, որն իսկապես ռազմավարական խաչմերուկ է ամբողջ Եվրոպայի համար»,- հայտարարել է Իտալիայի ԱԳՆ ղեկավարը:
Նախարարն ընդգծել է, որ Իտալիան մտադիր է շարունակել Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Նա շեշտել է, որ Իտալիան խիստ կարևորում է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացումը:
Կարեւորել է կողմերի միջեւ կառուցողական երկխոսության հաստատումը
Այցի շրջանակում նախարար Լուիջի դի Մայոյին եւ նրա գլխավորած պատվիրակությանy ընդունել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Հանդիպմանը նախագահը հույս է հայտնել, որ այս այցը կնպաստի հայ-իտալական երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը:
Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ տարածաշրջանում դեպի երկարատեւ եւ կայուն խաղաղություն տանող ճանապարհը երկխոսությունն է եւ վստահության մթնոլորտի ձեւավորումը: Նա ընդգծել է Արցախի կարգավիճակի հստակեցման, այնտեղ ապրող մարդկանց անվտանգության ապահովման եւ հիմնարար իրավունքների պաշտպանության կարեւորությունը:
Նախարար Լուիջի դի Մայոն եւս կարեւորել է կողմերի միջեւ կառուցողական երկխոսության հաստատումը եւ փոխադարձ վստահության ձեւավորումը՝ միաժամանակ ողջունելի համարելով, որ Հայաստանը ձգտում է առաջ շարժվելու խաղաղության հաստատման ճանապարհով:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաեւ միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների շուրջ:
Սպասվում է Իտալիայի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի հանդիպումը նաեւ ՀՀ վարչապետի եւ ԱԺ նախագահի հետ: