ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս սկսել են հաճախակի հեռախոսազրույցներ ունենալ. միայն վերջին մեկ ամսում (մարտի 1-ից ապրիլի 1-ը) չորս հեռախոսազրույց է եղել, իսկ ընդհանրապես, այս տարվա ընթացքում երկու երկրների ղեկավարներն ինը հեռախոսազրույց են ունեցել: Համեմատության համար նշենք, որ 2021-ի ընթացքում նրանք 11 անգամ են խոսել։
Այս ամենը, սակայն, դեռ չի վկայում հայ-ռուսական հարաբերությունների՝ որակական նոր փուլ թեւակոխելու մասին: Պարզապես, 44-օրյա աղետալի պատերազմից հետո Հայաստանը հայտնվել է, մեղմ ասած, աննախանձելի վիճակում, եւ հաճախակի դարձած այս հեռախոսազրույցները պայմանավորված են տարածաշրջանային զարգացումներով: ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի հեռախոսազրույցներին նախորդել կամ հաջորդել են կարեւորագույն իրադարձություններ:
Եվ այսպես, այս տարի Փաշինյանի եւ Պուտինի առաջին հեռախոսազրույցը հունվարի 7-ին էր. մինչ այդ Ղազախստանում ծայրաստիճան սրվել էր ներքաղաքական իրավիճակը, եւ որոշում էր կայացվել, որ ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկի այնտեղ: Պուտինի ու Փաշինյանի հեռախոսազրույցը եղել է հենց այս թեմայի շուրջ:
Հաջորդն արդեն հունվարի 12-ին էր. այս անգամ քննարկվել են ԼՂ-ի շուրջ ընթացիկ իրավիճակն ու Հայաստան-Ադրբեջան-ՌԴ եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցեր: Արդեն հաջորդ օրը Կառավարության նիստում Փաշինյանը հայտարարեց, թե «Մեր երկրի եւ տարածաշրջանի համար մեր հռչակած խաղաղ զարգացման օրակարգ բացելու համար մեզ ամուր նյարդեր են հարկավոր… մենք հետեւողականորեն շարժվելու ենք այս ճանապարհով եւ պիտի ամեն ինչ անենք, որ մեր երկրի շուրջը ձեւավորվի կայուն եւ անվտանգ միջավայր»:
Հունվարին Փաշինյանն ու Պուտինը մեկ հեռախոսազրույց էլ ունեցել էին ամսի 22-ին: Դրանից մեկ օր առաջ ՀՀ-ում էր Եվրոպական միության պատվիրակությունը՝ Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնի եւ Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորությամբ: Բնականաբար նրանց քննարկումների թիվ մեկ թեման եղել է պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Հեռախոսազրույցից մի քանի օր անց՝ արդեն փետրվարի 4-ին, տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Շառլ Միշելի եւ Իլհամ Ալիեւի հեռավար հանդիպումը:
Փետրվարին Փաշինյանն ու Պուտինը խոսել են երկու անգամ։ Փետրվարի 21-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի գլխավոր թեման, ըստ պաշտոնական հաղորդագրության, վերաբերել է եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին: Սակայն հատկանշական է, որ հաջորդ օրը՝ փետրվարի 22-ին, Մոսվկայում Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիեւը ստորագրեցին դաշնակցային համագործակցության համաձայնագիրը: Իսկ Երեւանում նույն օրը Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի նիստ:
Պուտինն ու Փաշինյանը մեկ հեռախոսազրույց էլ ունեցել են փետրվարի 26-ին, երբ արդեն Ուկրաինայում սկսվել էին ռազմական գործողությունները: Այս անգամ նրանք քննարկել են ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ գործունեությանն առնչվող հարցեր, անդրադարձել ապրիլին Փաշինյանի՝ ՌԴ այցի օրակարգային հարցերի:
Մարտի սկզբներից Արցախի շուրջն իրադրությունը կտրուկ լարվեց: Նախ դադարեցվել էր Արցախի գազամատակարարումը. վնասվել էր խողովակաշարը, իսկ Ադրբեջանը թույլ չէր տալիս վերանորոգման աշխատանքներ կատարել: Հետո եղան սահմանային փոխհրաձգություններ տարբեր զենքերից, դիրքային առաջխաղացումներ, ընդ որում՝ նաեւ ՌԴ խաղաղապահների վերահսկողության գոտում: Բացի այդ՝ ադրբեջանական կողմը մտել էր ՀՀ տարածք, դիրքավորվել Ներքին Հանդ գյուղի մոտ:
Մարտի 16-ին Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը հենց այս իրադարձությունների համատեքստում էր: Ըստ հայկական կողմի հաղորդագրության՝ «Նիկոլ Փաշինյանը եւ Վլադիմիր Պուտինն անդրադարձել են նաեւ Հայաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանն ուղղված դիմումին, որը վերաբերում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների կազմակերպմանը: ՀՀ եւ ՌԴ առաջնորդները մտքեր են փոխանակել հայ-թուրքական երկխոսության, տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ»:
Բացի այդ՝ հեռախոսազրույցին նախորդել էին մի քանի այլ կարեւոր իրադարձություններ. մարտի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնել էր Անթալիա, հանդիպել Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի հետ։ Հաջորդ օրն էլ Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը հայտարարեց, որ Բաքուն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ առաջարկների նոր փաթեթ է ներկայացրել Երեւանին ու սպասում է պատասխանի: Երեւանը, համաձայնելով այդ առաջարկին, հայտարարեց բանակցությունները կազմակերպելու հարցով ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը դիմելու մասին: Այնպես որ, քննարկման համար բավական շատ թեմաներ կային: Թերեւս դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ արդեն հաջորդ հեռախոսազրույցները եղան ավելի հաճախակի:
Փաշինյանի ու Պուտինի հաջորդ հեռախոսազրույցը մարտի 25-ին էր. կրկին՝ Արցախում գերլարված իրավիճակի ֆոնին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նրանք քննարկել են ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումից հետո ստեղծված իրավիճակը: Մարտի 28-ին Փաշինյանն ԱԽ նիստ հրավիրեց, եղավ նաեւ ԱԽ հայտարարությունը, որում չէին բացառել պատերազմի վերսկսման հավանականությունը, նաեւ ՀՀ-ն հայտարարել էր Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների պատրաստակամության մասին:
Մարտի 31-ի կառավարության նիստում Փաշինյանն անդրադարձավ սահմանային միջադեպերին, նաեւ վերահաստատեց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին մասնակցելու պատրաստակամության մասին: Ի դեպ, նա խաղաղության պատրաստակամության մասին խոսել էր նաեւ Կառավարության նախորդ՝ մարտի 24-ի նիստում:
Եվ նույն օրն իսկ՝ մարտի 31-ին, եւս մեկ հեռախոսազրույց եղավ Պուտինի հետ. այս անգամ, ի դեպ, Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել նաեւ Ադրբեջանի նախագահի հետ: ՌԴ նախագահը երկու երկրների ղեկավարների հետ քննարկել էր ԼՂ-ում ստեղծված իրավիճակը:
ՌԴ նախագահը Փաշինյանի հետ մի հեռախոսազրույց էլ ունեցել է հենց հաջորդ օրը՝ ապրիլի 1-ին, եւ կրկին նույն թեմայով:
Նկատենք, նման հաճախականության հեռախոսազրույցները, մանավանդ վերջին օրերին, պատահական չեն: Նախկինում դժվար է հիշել, որ ՌԴ նախագահն այդպես պարբերաբար, անգամ երկու օրում երկու հեռախոսազրույց ունենար ՀՀ ղեկավարների հետ: Այնպես որ, դժվար չէ ենթադրել. լուրջ իրադարձություններ են սպասվում, որոնք ընթանում են գերարագ ռեժիմով. գոնե առ այս պահը նման եզրակացություն կարելի է անել:
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: