ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է 2020 եւ 2021 թվականներին գերեվարված հայ զինծառայողների ազգականներին․ ներկա են եղել ե՛ւ անհայտ կորածների, ե՛ւ Ադրբեջանում երկարատեւ ազատազրկման դատապարտված զինծառայողների ազգականներ։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը տեղեկացնում է, որ քննարկման առանցքում եղել են մարդու իրավունքների հարցերը, դրանց թվում՝ հրադադարի մասին 2020-ի նոյեմբերին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի եռակողմ հայտարարության 8-րդ կետը՝ ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակման մասին, եւ Ժնեւյան կոնվենցիան։
«Կոչ ենք անում ազատ արձակել բոլոր բանտարկյալներին եւ, հաշվի առնելով հարազատների գտնվելու վայրի ու ճակատագրի մասին տեղեկություններ չունեցող ընտանիքների ցավը, մեծացնել ջանքերը՝ միտված անհայտ կորած զինծառայողների մասին (դրանց թվում՝ 1990-ականներից) տեղեկություններ ձեռք բերելուն»,- ասված է հաղորդագրությունում։